Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարդը ձայնը տվել ա իրա քուչի տղուն». Գագիկ Ծառուկյանը՝ ընտրությունների մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
tsarukyan

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդդիմադիր Գագիկ Ծառուկյանի ընկերն է, ընկերոջ մասին չէր ցանկանա խոսել «Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավար  Գագիկ Ծառուկյանը. «8 ամիս առաջ եմ ձեզ ասել՝ ինքը իմ ընկերն է, ինքը խոսք է տվել,  ներկայացրել է ծրագիրը, աշխատում է անել, էսօր ընկերն ընկերոջ մասին կարծիք ասելը կոռեկտ չեմ համարում»: Հրապարակային քաղաքական գործիչը կառավարության բացթողումների մասին ասում է միայն Կարեն Կարապետյանի ականջին: Իսկ դրականի մասին՝ ում ասես. «Այսօր դրականը նկատելի է՝ 25-30 տոկոս բանկի տոկոսները դառել ա 8-10 տոկոս, եւ էսօր տուրիստների ասենք թե Հայաստանում արդեն տուրիստների քանակը 25 տոկոսից ավել է»: Այսօր Գագիկ Ծառուկյանը չի կարող ասել նաեւ, թե ում կցանկանար տեսնել վարչապետի պաշտոնում, երբ 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանը կդադարի լինել Հայաստանի նախագահ. «Էս իրավունքը տրված ա Հանրապետական կուսակցությանը՝ իրենք տարել են առավելագույն ձայներ՝ 50+1, որ որոշողը առաջարկողը իրենք պիտի լինեն: -Դա հասկանալի է, ձեր համար ինքը ընդունելի՞ թեկնածու է: -Եթե հասկանալի է, էդ հարցը ինչի եք ինձ տալի»: Պարոն Ծառուկյանը հաստատ չի խոչընդոտի, եթե հանկարծ պարզվի, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու է Սերժ Սարգսյանը, որը երկուսուկես  տարի առաջ Բարգավաճ Հայաստանի ղեկավարին  մեղադրում էր գրեթե ամեն ինչում. «Խոչընդոտողները պետք է լինեին ժողովուրդը, մեր ժողովուրդն իր ձայնով գնացել ա 50+1 տվել է Հանրապետականին, Հանրապետականը պատասխանատու է երկրի տնտեսության անվտանգության համար»: Այսօր լրագրողները չեն կարող իրենց հարցերով շփոթեցնել պարոն Ծառուկյանին, նա այդպես էլ ասում է՝ այսօր պարոն Ծառուկյանը այնքան քաղաքական փորձ ունի: Նրան լրագրողները չեն կարող ստիպել Հանրապետականի դեմ որեւէ բան ասել, որը քաղաքական մեծամասնություն է: Ինքը մի փոքր նեղված է ժողովրդից. «Ես համապատասխան քարոզարշավի ժամանակ մեր ժողովրդին ներկայացրել էի՝ ժողովուրդ ջան, գնալով, հավաքվելով, Ծառուկյան ջան, փրկիր, փրկիր, ասում էինք՝ պատրաստ ենք փրկել՝ ձեր ցավը տանեմ, տվեք 50+1, խնդիրները, պրոբլեմները, լուծումները 15 կետերը, ծրագրերը համակարգ փոխվի, ասել եմ գումարի աղբյուրները, ասում էին Ծառուկյանը բլեֆ է արել։ Ժողովուրդն ընդվզող էր, թող ժողովուրդն այդ ժամանակ ձայնը տար, ում հավատում էր: Իմ ժողովրդի ցավը տանեմ, 500 հազար ձայն կարո՞ղ ա հենց ընենց ա տվել: -Բայց կեղծեցին ընտրությունները: -Ո՞վ ա ասում կեղծել են: Մարդը տվել ա իրա քուչի տղուն, տվել ա իրա գյուղապետին, տվել ա իրա մարզպետին»: Ի դեպ, «Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավարը լրագրողների աչքերի մեջ նայելով ասեց, որ ինքը միշտ էլ գալիս է Ազգային Ժողովի նիստերին, պարզապես երբեմն զբաղվածությունը թույլ չի տալիս երկար նստել. «Կարեւոր չի, որ անպայման պետք է գաս, 8 ժամ նստես, կարեւորը, որ արդյունք լինի»: