Հայաստանը դառնում է «Նոր մետաքսե ուղու» կարևոր հանգրվան
Ինչպես հայտնել ենք արդեն «Մետաքսե ուղու միջազգային առևտրա-տնտեսական պալատի» անգլերեն՝ “Silk Road Chamber International of Commerce” (SRCIC), համագումարում առաջին անգամ ներկայացվեց Հայաստանը EU-ASIA Business Finance Center Հոլդինգի կողմից, որը պաշտոնապես դարձել է SRCIC-ի անդամ: Այս կազմակերպությունը ստեղծել է Չինաստանի կառավարությունը և հովանավորում է նրա գործունեությունը: Չինաստանը նախատեսել է «Մետաքսե ուղու» համար տրիլիոն դոլարի հասնող ֆինանսավորում, իսկ SRCIC-ի ֆոնդի համար, որպես սկիզբ, նախատեսված է հինգ միլիարդ դոլարի ֆինանսավորում: Համագումարը, որն ընթացավ Չինաստանում՝ Սիան հնագույն քաղաքի պալատներում, ավարտվեց սեպտեմբերի 9-ին, իսկ հաջորդ օրը ֆոնդի նախագահության նախագահ պարոն Յիանցհոնգ Լուն (Jianzhong Lu) ընդունեց EU-ASIA Business Finance Center Հոլդինգի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև այդ կազմակերպության Հոնկոնգի տարածաշրջանի գծով փոխնախագահ Ջոն Կ.Ֆ. Լայը (Jhon K.F. Lai), գլխավոր տնօրեն Դավիդ Կիանգը (David Kiang), ֆինասական տնօրեն Յիքուն Չենը (YiQun Chen) և այլոք: Մեկ ժամից ավել տեղի ունեցած հանդիպման ընթացքում պարոն Գրիգորյանը ներկայացրեց Չինաստան-Իրան-Հայաստան-Վրաստան-Բուլղարիա (կամ Ռումինիա)-Դանուբով մինչև Սլովակիայի նավահանգիստներ հասնող ուղու մանրամասները: Ըստ այդ ծրագրի, այս ուղին կարող է լինել ամենակարճ և արագ ուղիներից մեկը, եթե կառուցվի Իրան-Հայաստան երկաթուղին: Պարոն Լուն արտակարգ հետաքրքրություն ցուցաբերեց գաղափարի շուրջ և հայտարարեց, որ Չինաստանը կարող է երկաթգծի այդ պակասող հատվածը ֆինանսավորել ամբողջովին և կառուցել ժամանակակից բարձրագույն տեխնոլոգիաների համաձայն: Նա բերեց Շանհայ-Պեկին կամ Սիան արագընթաց երկաթուղու օրինակը և կարծիք հայտնեց, որ պատրաստ է քննարկելու խնդիրը, եթե շտապ ներկայացվի բիզնես նախագիծը: Պարոն Գրիգորյանը հաստատեց այս հատվածի շուրջ և Հոլդինգի իրանական անդամերի և Իրանի կառավարության արտակարգ հետաքրքրության փաստը, ինչպես նաև խոսեց Հյուսիս-Հարավ մայրուղու ֆինանսական խնդիրների շուրջ և առաջարկեց մտածել նաև դրա մի քանի հատվածների ֆինանսավորման ու կառուցման մասին: Հոլդինգի Հայաստանին վերաբերվող բոլոր ծրագրերը չինակաևն կողմի համար շատ մեծ հետաքրքրություն ներկայացրեցին և կողմերը պայմանավորվեցին սկսել ակտիվ համագործակցություն: Նշենք, որ SRCIC-ի ղեկավարությունն անցյալ տարի տասից ավել մասնակիցներով պատվիրակությամբ ժամանել էր Սլովակիա և ընդունվել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի, «Մետքսե ուղու» բանագնաց, ֆինանսների առաջին փոխնախարար Դանա Միագերի և փոխվարչապետ Պետեր Պելեգրինիի կողմից, որի ընթացքում կառավարությունն իր անմնացորդ սատարումն էր խոստացել ծրագրին՝ Սլովակիային այս նախաձեռնություններին մասնակից դարձնելու խնդիրների հետ կապված: Զարմանալիորեն չինական կողմը մանրամասնորեն խոսեց նաև Ադրբեջանի կողմից Հայաստանին շրջափակելու թեմայի շուրջ: Նախագահ Լուն հստակ հայտարարեց, որ չնայած Ադրբեջանը այդ կազմակերպության ամենաակտիվ անդամներից է (Իլհամ Ալիևը անձամբ է ղեկավարել Բաքվում կազմակերպված հիրավի խոշոր սիմպոզիումը) և այժմ էլ ամեն ինչ անում է, որ Հայաստանը դուրս մնա տարածաշրջանային այս խոշորագույն համագործակցությունից, այնուամենայնիվ EU-ASIA Business Finance Center Հոլդինգի ակտիվ աշխատանքների շնորհիվ բացարձակ մեծ հնարավորություն կա այս ծրագիրն իրականացնելու: Նշենք, որ Ադրբեջանի շուրջ քննարկումը ընթացավ չիներեն և առանց թարգմանության ու միայն գլխավոր տնօրեն պաոն Չիանգը կարճ ներկայացրեց այն, նշելով, որ ցավոք քաղաքականությունը խանգարում է այս հիանալի ծրագրի կովկասյան հատվածի իրականացմանը: Այնուամենայնիվ, ըստ չինական կողմի հավաստիացումների, ներկայացված ծրագիրն այնքան հետաքրքրական է, որ նրա իրականացման հեռանկարը կասկած չի հարուցում: SRCIC ֆոնդը և EU-ASIA Business Finance Center Հոլդինգը պայմանավորվեցին ակտիվ համագործակցելու Հայաստանի, ինչպես նաև Սլովակիայի հետ համագործակցության նաև այլ ծրագրերի շուրջ: Հոլդինգը ժամանակին արդեն ներկայացրել է նաև «Նաիրիտ» քիմկոմբինատի վերականգման շուրջ առաջարկը և ստացել ֆոնդի գլխավոր տնօրեն Դավիդ Կիյանգի համաձայնությունը վերականգման ֆինանսավորման շուրջ: Նախագահ պարոն Լուն հանձնարարեց պարոն Կիանգին ամենայն պատասխանատվությամբ շարունակել համագործակցությունն ու ներկայացնել արդյունքները: Մնում է հուսալ, հայկական իշխանությունները կօգտվեն ստեղծված բացառիկ հնարավորությունից և չեն վիժեցնի Հոլդինգի կողմից ստացած հիրավի լուրջ ու ՀՀ-ի համար կենսական կարևոր այս աշխատանքների զարգացումը: ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն 11.09.2017 Բրատիսլավա, Սլովակիա