Հայաստանի գեղասահորդները կվիճարկեն օլիմպիական խաղերի վերջին ուղեգրերը
Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում կկայանա գեղասահքի վարկանիշային մրցաշար: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, այդ մրցումներում Հայաստանը կներկայացնեն Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը (երկուսն էլ՝ մենասահք) եւ Թինա Կարապետյան/Սիմոն Սենեկալ պարային երկյակը: Նրանք կպայքարեն 2018 թվականին Հարավային Կորեայի Պհենչհան քաղաքում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի վերջին ուղեգրերի համար: Մեր գեղասահորդներն շարունակում են պատրաստվել այդ պատասխանատու մրցումներին: «Սլավիկ Հայրապետյանը մարզվում է Ռուսաստանի Ադլեր քաղաքում: Հոկտեմբերի 22-26-ը նա հանդես կգա Բրատիսլավիայում կայանալիք մրցաշարում, որտեղից անմիջապես կմեկնի Օբերսդորֆ: Անաստասիա Գալուստյանը վերջերս միջազգային մրցաշարի մասնակցեց Իտալիայում: Հիմա մարզվում է Մոսկվայում՝ իր ծնողների մոտ: Մեր պարային երկյակը պարապում է տանը՝ Կանադայում: Թինան եւ Սիմոնն Ամերիկայի Սոլթ Լեյք Սիթիում մասնակցեցին միջազգային մրցաշարի: Նրանք նույնպես նախատեսում են հանդես գալ Սլովակիայում: Հոկտեմբերի 27-ին բոլորով կհավաքվենք Օբերսդորֆում: Կարծում եմ, կարիք չկա նրանց բացատրել վարկանիշային մրցաշարի կարեւորությունը: Վստահ եմ, որ սահադաշտում նրանք կանեն առավելագույնը արդյունքի հասնելու համար»,- ՀԱՕԿ-ի լրատվականին հայտնել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը: