Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որքան թանկ կարելի է այսօր վաճառել հոգին (տեսանյութ)

Մշակույթ
Ruzanna

«Ամեն ինչ այսօր ունի իր գինը: Նույնիսկ հոգին: Եթե դեռ մի քանի տարի  առաջ, երբ «Խաթաբալադայի» մեջ դեռ Ֆաուստից սկսած հոգին վաճառելու հավերժական թեման մտորումների տեղիք էր տալիս, ապա այսօր  սա մի տեսակ ակտուալ չէ, քանի որ հարցադրումը կարծես արդեն գնի մեջ է՝ որքան թանկ կարելի է վաճառել հոգին»,- կես հումորով- կեսլուրջ ասում է պրոդյուսեր Արմեն Համբարձումյանը: Որն է «Խաթաբալադայի», «Մեա Կուլպայի», «Այբբենարանի», կամ իր կողմից որպես պրոդյուսեր իրագործվող այլ նախագծերի հաջողված և երկարաժամկետ նախագիծ դառնալու գրավականը, նա չգիտի: «Պատրաստի բաղադրատոմս չունեմ: Միգուցե որպես նախկին բժիշկ փորձում եմ ձեռքս միշտ ժամանակի զարկերակին պահել: Ի դեպ, «Ժանգոտ բանալին» հաջողություն չունեցավ և կարծում եմ պատճառն այն էր, որ մարդիկ որևէ ցանկություն այլևս չունեին հիշել մութ ու ցուրտ տարիները»,- Արմեն Համբարձումյանը երջանիկ է, որ հոկտեմբերի 26-ին նշելու են «Մեա Կուլպայի» տասնհինգամյակը: Այսինքն՝ ներկայացում, որ դիմակայել է այսքան տարի և հանդիսատես ունեցել, որոնց համար 2,5-3 հազար դրամը փոքր գումար չէ, և որպեսզի սիրահոժար գնեն ներկայացման տոմս, պետք է հասկանան, թե դա նրանց ինչ կտա: «Մեր ներկայացմանը հանդիսատեսը, հուսով եմ, գալիս է ոչ թե այս կամ այն դերասանի խաղը դիտելու, այլ նրան թեման է բերում թատրոն, -ասում է Հրանտ Թոխատյանը:- Եվ ուրախ եմ, և ցավում եմ, որ տասնհինգ տարի խաղում ենք, ու թեման մնում է ակտուալ, ու դեռ, ավաղ, երկար կմնա։ Այսօր ինֆորմացիոն ամենաթողության տիրույթում դժվար է պահել հանդիսատեսին»: Նրան մտահոգում է նաև խնդիրը, թե ինչպես են դիմադրելու անտերպրիզային թատրոնները, կամ իրենց ոչ խաղացանկային ներկայացումները բեմադրող երիտասարդ ռեժիսորները, երբ Մշակույթի նախարարությունը բարձրացրել է բեմի վարձակալության գումարը: Ներկայացման հեղինակի՝ Վահրամ Սահակյանի խոսքով՝ «Մեա կուլպան» մեր իրականությունն է: Մարդիկ անվերջ փորձում են մեղադրել իշխանություններին, օլիգարխներին, իրենց հարևաններին՝ իրենց իսկ մեղքի չափաբաժինը երբեք չտեսնելով: «Եթե դու հարևանից փող ես վերցնում ու չես վերադարձնում, եթե քո ձայնը վաճառում ես, բողոքելու ինչ իրավունք ունես: Իսկ եթե մի երկրում հայրենասիրությունը քարոզչություն է, ապա սա արդեն ազգ չի»: Այսօր Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Արմեն Համբարձումյանն ու իր ընկերները կներկայացնեն ռեկորդային հաճախելիություն ապահովող  «Մեա կուլպա» -ն, վաղը նույն դահլիճում կխաղան «Մեա կուլպա 2-ը»: