Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

25 տարի՝ «հովերով տարված» (տեսանյութ)

Մշակույթ
hover

«Հովեր» երգչախումբը 25 տարեկան է։ Երգչախմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանի խոսքով, հոբելյանական համերգն ավանդական չի լինի, նշելու են նոր ձևաչափով։ Ստեղծելու են միջավայր, անցնելու են իրենց գործունեության պատմության էջերով։ Որոշ համարներ կուղեկցվեն տեսանյութերով։ Կլինի նաև պրեմիերա։ Երգչախումբը ստեղծվեց Սոնա Հովհաննիսյանի անհատական նախաձեռնությամբ 1992-ին, առանց որևէ աջակցության, դիմակայեց, և ի վերջո նրանց բարձր պրոֆեսիոնալիզմը գնահատվեց։ Այսօր ունեն և պետական աջակցություն, և հովանավորներ, և հյուրախաղեր։ Ելույթ են ունենում աշխարհի լավագույն բեմերում, միջազգային հեղինակավոր միջոցառումներին։ Որն է երգչախմբի նման հաջողության բանաձևը. Սոնա Հովհաննիսյանի խոսքով՝ իրենց առանձնահատկությունը այն միջավայրն է, որ ստեղծել են։ Երգչախումբը թիմային աշխատանք է և յուրաքանչյուր երգչի որակը շատ կարևոր է։ Գեղարվեստական ղեկավարը չի վախենում փոփոխություններից, թեկուզ լինի երգիչների արտահոսք։ Սա է հարատև զարգացման գրավականը։ Երգչախմբի անդամներն էլ շնորհակալ են, որ նման ղեկավար ունեն, որն իրենց հնարավորություն է տալիս սեփական կարծիքն արտահայտելու։ Հավատացեք, ասում է Կիմ Սարգսյանը, ոչ ամեն կոլեկտիվում նման վերաբերմունքի կարելի է արժանանալ։ Ինչ վերաբերում է երգչախմբի անվան բացատրությանը, ապա այն հաճախ է հանդիպում Կոմիտասյան խմբերգերում, ասում է Սոնա Հովհաննիսյանը. «հովերով տարվել», այսինքն՝ որևէ գաղափարով տարվել, իսկ իրենք միշտ կողմնակից են նոր գաղափարների։    «Հովերի» հոբելյանական համերգը կկայանա սեպտեմբերի 25-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Սոնա Հովհաննիսյանը խնդրեց տեղեկացնել, որ տեխնիկական խնդիրների պատճառով համերգը կսկսվի հայտարարված ժամից քսան րոպե ուշացումով։