Չի կարելի Հայաստանի հետ խոսել շանտաժի և ուլտիմատումի լեզվով. Շարմազանով (տեսանյութ)
Նախքան ՀՀԿ ԳՄ նիստին անդրադառնալը, Էդուարդ Շարմազանովը շտապեց շնորհավորել ներկաներին Լևոն Արոնյանի՝ շախմատի Աշխարհի գավաթի առաջնությունում տարած հաղթանակի, ինչպես նաև ԱՄՆ Միչիգան նահանգի՝ Արցախի անկախությունը ճանաչելու համար: ՀՀԿ խոսնակը ներկայացնելով նիստում քննարկված թեմաները, առանձնացրեց Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում ունեցած հանդիպումներն ու ելույթը, որտեղ Սարգսյանը խոսելով Արցախյան հիմնախնդրի մասին արտահայտել է ոչ միայն ՀՀ, այլև Արցախի ու հայկական սփյուռքի միասնական դիրքորոշումը և օրակարգը, որն է Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը. «Արցախյան խնդիրը ոչ թե տարածքային վեճ է Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլ դա ուղիղ մարդու իրավունքների պաշտպանության խնդիր է, որտեղ մարդու և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը անկյունաքարային է և Հայասատանը սատարելու է Արցախի քաղաքացիներին, իրենց այս պայքարում: Չի կարելի Հայաստանի հետ խոսել շանտաժի և ուլտիմատումի լեզվով»: Անդրադառնալով Թուրքիայի ՊՆ նախարարի հայտարարություններին՝ Շարմազանովը նշեց. «Թուրքիան եւս մեկ անգամ ապացուցեց, որ անելիք չունի արցախյան հիմնահարցում»։ «Թուրքիան այն երկիրն է, որը սատարել է Ադրբեջանի հանցագործ քաղաքականություն ապրիլյան պատերազմի ժամանակ»։