Աշոտ Դանիելյան. «Պետք է բողոքարկել միջազգային ֆեդերացիայի որոշումը»
ՀՀ վաստակավոր մարզիչ, նախկին ծանրամարտիկ Աշոտ Դանիելյանը կարծում է, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ոչ ադեկվատ որոշում է կայացրել՝ մեկ տարով որակազրկելով 9 երկրների, այդ թվում Հայաստանի ծանրորդներին. «Ես միանշանակ դատապարտում եմ այդ որոշումը, քանի որ չի կարելի մեկ-երկու մարզիկների պատճառով զրկել ամբողջ ծանրամարտը: Զարմանալին այն է, որ 2008թ օլիմպիական խաղերից 8 տարի հետո նոր որակազրկել են մարզիկներին: Իմ կարծիքով դա անթույլատրելի է, քանի որ, եթե չեն կարողացել տվյալ պահին բռնել մարզիկին, ապա իմաստ չունի 8 տարի անց որակազրկել»: 2000թ օլիմպիական խաղերի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը ստեղծված իրավիճակում մեր ծանրորդներին մեկ խորհուրդ է տալիս. «Մեր ծանրորդները պետք է համբերությամբ զինվեն, մինչեւ որ այդ տարին անցնի: Իրենք կարող են մասնակցել 2018 թվականին աշխարհի առաջնությանը: Նրանք պետք է լավ մարզվեն, լավ մարզավիճակ ձեռք բերեն եւ իրենց արդյունքներով ապացուցեն, որ դոպինգ չեն օգտագործել»: Աշոտ Դանիելյանը համաձայն է, որ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան բողոքարկի այդ որոշումը. «Չեմ կարող ասել, բողոքարկում արդյունք կտա, թե՝ ոչ, բայց եթե այդ 9 երկրները բողոքարկեն միջազգային ֆեդերացիայի որոշումը, ապա հնարավոր է որոշ փոփոխություններ լինեն: Օրինակ, թույլ տան մնացած հավաքականներին մասնակցել միջազգային մրցաշարերին: Վերջին հաշվով, երեխաներն ինչ մեղավոր են, երբ մեծահասակների միջեւ է անախորժություններ եղել», - նշեց անվանի մարզիկը: Ի դեպ, Աշոտ Դանիելյանի սանուհին՝ Լիանա Գյուրջյանը վերջերս դարձել է Եվրոպայի պատանիների չեմպիոն: «Ցավալի կլինի, եթե նա բաց թողնի 2018թ պատանեկան օլիմպիական խաղերը, որովհետեւ դա սովորական խաղեր չեն, որ բաց թողնես, բայց հետո կարողանաս մասնակցել: Սա նրան միակ հնարավորությունն է: Չնայած այդ հանգամանքին, մենք շարունակելու են քրտնաջան աշխատել, մինչեւ որ դառնա մեծահասակների չեմպիոն», - եզրափակեց փորձառու մասնագետը, որն 1998 թվականից սկսած զբաղվում է մարզչական գործունեությամբ: