«Պատերազմը Ադրբեջանին ԵՏՄ մտցնելու մասին էր» (տեսանյութ)
ԱԺ նիստին այսօր Ելք խմբակցության նախագծի` ԵՏՄ կազմից ՀՀ դուրս գալու մասին եւ այդ նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին քննարկմանը խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով արդեն հնչած ելույթներին, անդրադարձավ ապրիլյան պատերազմի թեմային. «Ասում եք` դա կապ չունի ԵՏՄ հետ։ Պետք է ի վերջո հասկանաք, որ պատերազմը Ադրբեջանին ԵՏՄ մտցնելու մասին էր` եթե պատերազմի արդյունքում Ադրբեջանը տարածքային լուրջ ձեռքբերումներ ունենար։ Սա եթե չեք ուզում նկատել, մի նկատեք։ ԵՏՄ փիլիսոփայության հիմքում հետեւյալն է` 1991թ. էս անկախությունը ինչ էր, որ մեր գլխին եկավ։ Ինքնիշխանության գլխին ամպեր են կուտակվում, ու ամենաթանձր ամպը ԵՏՄ-ն է։ Խոսում եք անընդհատ էժան գազից, բայց էդ էժան գազը ծախսելով` ՀՀ-ն ի՞նչ վիճակում է: Մեր դիրքորոշումը կհաստատենք նաեւ մեր քվեարկությամբ»: «Ծառուկյան» խմբակցության անունից խոսեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա նշեց, թե երկու խնդիր պետք է տարանջատել` ԵՏՄ-ն չի վնասում եղած լուրջ տնտեսական խնդիրները լուծելուն. «Ունենք խնդիր, թե ինչու չենք օգտագործում ԵՏՄ-ի ներուժը, նաեւ` քննարկման հարց դնենք, թե ինչու է Ադրբեջանին զենք վաճառում ՌԴ-ն, գազի հարցը, որ սահմանին էժան է, բայց գալիս, կրկնակի գնով է հասնում ու վերագրվում է ԵՏՄ-ին: Ի՞նչ է առաջարկվում որպես այլընտրանք, ո՞վ է դեմ եվրոպական արժեքներին, մենք կողմ ենք: Ծառուկյան դաշինքը հետևողական է` ինչպես ժամանակին կողմ ենք քվեարկել ներկայացված նախագծին, այնպես էլ հիմա հստակ դեմ ենք քվեարկելու այս նախագծին»: