Հայաստանը կգնա կղզիացման, կկորցնի որակյալ քաղաքացիներ (տեսանյութ)
Հրաչյա Սարգսյանը տնտեսագետի որակավորում ստացել է Սանկտ Պետերբուրգի Պետական տնտեսագիտական համալսարանում, որտեղ նաև Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն է սովորել։ Հրաչյան օգտվել է պարտադիր զիվորական ծառայությունից տարկետման իրավունքից. «Ես հասկանում եմ պետության դիրքորոշումը, որ բոլորին խիստ անհրաժեշտ է ծառայել։ Բայց ամեն դեպքում պետք է մնա ինչ-որ մի քանակություն՝ 50-40 հոգի որ ամեն տարի դուրս գան սովորեն, կրթություն ստանան, էս պետությունում աշխատեն»։ Առաջիկայում մեկնելու է Վրաստան՝ կրթությունը մագիստարտուրայում շարունակելու։ Եթե զրկվի տարկետման իրավունքից ու գիտական պլանները ձախողվեն, դա վնաս կլինի առաջին հերթին պետության համար, որը կղզիանում է գիտական աշխարհից ու կորցնում որակյալ քաղաքացիներ. «Եթե մարդը երիտասարդ տարիքում դուրս չի գալիս, չի տեսնում, չի շփվում, էդ մշակույթները չի ճանաչում, ինքը 35-40-ում կամ դուրս չի գալիս կամ դուրս է գալիս որպես քարանձավից դուրս եկած մեկը»,- կարծում է Հրաչյան։ Հրաչյան վստահ է՝ գիտությունից բանակ տեղափոխությունը գրեթե բացառում է լավ հեռանկարը. «Իմ պետության համար, խնդիր չի, կգնամ կծառայեմ, բայց մարդն էդ երկու տարում էնքան է կտրվում ինչից որ զբաղվում է՝ արվեստից, կրթությունից, գիտությունից, սպորտից, որ արդեն դժվար է հետ բերվում։ Հավը որ դնում ես սառչում է, հետո շատ դժվար է չէ՞ հետ գալիս»։ Հակառակն է պնդում 58-ամյա Մաթևոս Մանուկյանը, որը բանակից հետո հասցրել է իրավաբանի ուսում ստանալ. «Գնացել եմ բանակ, հետո շարունակել եմ ուսումը, ոչ մի բան էլ չի եղել, ով ուզում է սովորի, կսովորի, ով չի ուզում սովորի կբռնի 1000 ու 1 պատճառ չսովորելու և չծառայելու»։ Միջին հաշվով տարեկան 140-ից 150 ուսանող օգտվում է տարկետման իրավունքից։ Նրանցից ոմանք չարաշահում են այդ ինստիտուտը։ Մաթոս Մանուկյանը մեկնաբանում է. «Ասպիրանտուրա սովորելը դառնում է ինչ-որ ճողվածք, որ էդտեղից կարող են մտնել ու գումարով, թղթեր դասավորելով ազատվեն բանակից։ Դրա համար ճիշտ կլինի գնան ծառայեն, հետո գան զբաղվեն գիտությամբ»։ Պետհամալսարանի Կենսաբանության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող է Նորայր Գաբրիելյանը։ Եթե տարկետման իրավունքը վերացվի, երկու տարուց ինքն էլ կմեկնի բանակ։ «Ունենք ֆակուլտետ, որտեղ սովորում է 1800 ուսանող, որից 1742-ը աղջիկ է։ Եթե հանեն տարկետումը և թույլ չտան, որ տղաներն իրենց մասնագիտությամբ շարունակեն սովորեն, ստանալ մասնագիտություն, ապա հետագայում կունենանք գրագետ աղջիկներ, անգրագետ տղաներ»,- ասում է Նորայրը։ Նրան կասկածելի է թվում ՊՆ-ի առաջարկը ուսանողներին, որ բանակում որպես սպա ծառայելուց հետո պետությունը կհոգա նրա կրթական հետագա ծախսերը. «Ապրիլյան պատերազմի դեպքում նշեցին, որ ով մասնակցել է, կարող է զեղչ ստանալ, բայց ինչպես տեսաք՝ ով եկավ իր կրթությունը, շատ դժվարությամբ ստացավ այդ զեղչը։ Նույն կերպ հիմա էլ կարող է լինել՝ ուսման վարձը մասնակի կամ ամբողջական չփոխհատուցվի»։ Ի դեպ, Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստին տարկետման իրավունքի վերացման մասին խոսել է նաև Սերժ Սարգսյանը՝ անհեթեթություն և շահարկում որակելով նախաձեռնության դեմ կարծիքները։ Նա ասել է, որ ինքն էլ ստիպված է եղել ուսումը կիսատ թողնել, ծառայել բանակում, հետո՝ վերադարձել կրթությանը։ «Անկեղծորեն ասած՝ ես մեկ այլ ուսանող էի առաջին և երկրորդ կուրսերում՝ սկզբում, բոլորովին այլ ուսանող էի երկրորդ կուրսից հետո»,- նշել է նա։