Հպարտ ենք, որ մեր քաղաքական թիմի առաջնորդը Արցախի հերոս Սերժ Սարգսյանն է. Շարմազանով (տեսանյութ)
«ՀՀԿ-ն այս պահին 60 համայնքներում ունի համայնքապետի թեկնածուներ, Բարգավաճ Հայաստանը՝ 6, ՀՅԴ-ն 3, 39-ն էլ անկուսակցական թեկնածուներ են»: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին հայտնեց կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: -Ինչպես տեսնում եք քաղաքական մրցակցությունը այդքան էլ մեծ ներկապնակ չունի,-խոստովանեց խոսնակը,ավելացնելով, որ որևէ լուրջ և անօրինական բաներ տեղի չեն ունեցել և ՀՀԿ-ն գոհ է իր թեկնածուների քարոզարշավից: Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ադրբեջանական մամուլի տեղեկություններին, որ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Մեքսիկային մեքսիկացի պատգամավորների Արցախ կատարած այցի համար նշեց. «Մեքսիկացի գործընկերներին չի էլ հետաքրքրում, որ բողոքի նոտա են հղել: Մեր գործընկերները շատ լավ իմացել են՝ ուր են գնում, մենք Արցախում ունեցել ենք բարձր մակարդակի հանդիպումներ: Ադրբեջանի իշխանությունները որ ասում են՝ պետք է ջանք չխնայել եւ հետաքննություն անցկացնել թե ոնց են հայտնվել Հայաստանում եւ Արցախում, կարիք չկա ջանք խնայելու: Մեքսիկացի պատգամավորները Հայաստան են եկել իմ հրավերով, այդ ընթացքում նրանք ցանկություն են հայտնել լինել Արցախ եւ շատ բարձր տրամադրությամբ վերադարձել են»,- ասաց Շարմազանովը: Լրագրողներին բնականաբար հետքրքրում էր, թե թե 2018թ. ապրիլից ով է լինելու Հանրապետության վարչապետը: Սերժ Սարգսյանը մեր քաղաքական թիմի միակ առաջնորդն է եւ շարունակելու է մնալ մեր առաջնորդը, ասաց կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Նախագահի լիազորությունն ավարտվում է 2018թ. ապրիլին: Մինչեւ 2022թ. ՀՀԿ-ն ստացել է մանդատ ղեկավարելու իշխանությունը մեր դաշնակցական գործընկերների հետ: Պարոն նախագահը մեր քաղաքական թիմի անբեկանելի առաջնորդն է, նա մեր թիմի միակ առաջնորդն է եւ շարունակելու է մնալ մեր առաջնորդը, ի՞նչ կարգավիճակով, ո՞նց, 2018թ. ապրիլին կքննարկենք եւ կներկայացնենք: Այն, որ Սերժ Սարգսյան պետական եւ ազգային գործչի ծառայությունները հայրենիքի համար անհրաժեշտ են, իմ սուբյեկտիվ կարծիքն է, որը շատ մոտ է իրականությանը»,- ասաց նա: