Շախմատի հուշամրցաշարում Արման Միքայելյանը զբաղեցրեց 10-րդ տեղը
Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում ավարտվեց շախմատի Միխայիլ Չիգորինի անունը կրող հուշամրցաշարը: Այսօր կայացած վերջին՝ 9-րդ տուրում, մեր գրոսմայստեր Արման Միքայելյանը սեւերով հանդիպեց իր հայրենակից Սարգիս Ռ. Մկրտչյանի հետ եւ հաղթանակ տարավ: Նա վաստակեց 7 միավոր եւ եւս 10 շախմատիստների հետ բաժանեց 5-14-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Արման Միքայելյանը ի վերջո ճանաչվեց 10-րդը: Նորաթուխ գրոսմայստերին ընդամենը կես միավոր բաժանեց մրցանակային տեղերից, որը նա կորցրել էր 7-րդ տուրում՝ զիջելով ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմյեւին: Ի դեպ, վերջինս մնացած երկու տուրերում պարտություն է կրել եւ առաջին տեղից նահանջել է 15-րդ հորիզոնական: Հայաստանի մյուս շախմատիստները համեստ արդյունքներ ցույց տվեցին: Սարգիս Մկրտչյանը 6 միավորով զբաղեցրեց 41-րդ տեղը, Արթուր Դավթյանը՝ 70-րդ: Հովհաննես Հակոբյանը վաստակեց 5 միավոր, Հայկ Երիցյանը՝ 4,5, Վլադիմիր Պողոսյանը՝ 2: