Անօթեւանները վառելիք չունեն, իսկ քաղաքապետարանը 7 մլն-անոց Ամանորի է պատրաստվում
Քաղաքի աղքատությունն ու Բալասանյանի հրավառությունները Նոյեմբերի 6-ին կայանալու է Գյումրու ավագանու հերթական նիստը: Օրակարգ է ընդգրկվել 12 հարց: Այս ավագանու նիստի ընթացքում քննարկվելու է Գյումրու քաղաքապետարանի ներկայացրած ամանորյա ծախսերի մասին որոշման նախագիծը: Ամանորյա միջոցառումների կազմակերպման եւ անցկացման համար համայնքի աղքատիկ միջոցներից առաջարկվում է հատկացնել 7 մլն ՀՀ դրամ: Գյումրու քաղաքապետարանի ներկայացրած նախագծում, սակայն ծախսերը, այնքան էլ հստակ չեն, ինչպես միշտ: Ամանորյա պարկեր ձեռք բերելու համար նախատեսվում է հատկացնել 2 մլն 500 հազար ՀՀ դրամ, 2 անգամյա հրավառություն` 1 մլն դրամ, կազմակերպչական եւ հյուրասիրության ծախսեր` 1 մլն դրամ, փողոցների եւ գեղարվեստական լուսավորության իրականացման աշխատանքներ, կենտրոնական հրապարակի տոնածառի մոնտաժում եւ ապամոնտաժում` 2 մլն 500 հազար ՀՀ դրամ: Նախագծում նշված է, որ որոշման ընդունումը պայմանավորված է Գյումրի համայնքի սոցիալապես անապահով երեխաներին, նախակրթարանների, հասարակական կազմակերպությունների, մանկատների եւ գիշերօթիկ հաստատությունների սաներին նվեր-փաթեթների տրամադրման, ամանորյա միջոցառումների եւ հրավառության կազմակերպման, փողոցների գեղարվեստական լուսավորության աշխատանքների իրականացման, կենտրոնական հրապարակի տոնածառի մոնտաժման եւ ապամոնտաժման համար գումար հատկացնելու անհրաժեշտությամբ: Այս օրերին Գյումրու անօթեւան եւ ունեզուրկ ընտանիքները այստեղ-այնտեղ ընկած ձմռան վառելիք են փնտրում, աղբամաններից եւ խանութներից արկղեր հավաքում, տանում տնակներ: Անգամ գազով ապահովված բնակարանների բնակիչները հրաժարվում են օգտվել կապույտ վառելիքից: Գումարել-հաշվել են, պարզել, որ փայտն ավելի ձեռնտու է, քան գազը: Արդեն իսկ որոշ ընտանիքներ վառելիք գնելու համար տան գույքի մի մասն են վաճառում: Երկու տարի առաջ Գյումրու քաղաքապետարանը շուրջ 11-12 մլն դրամ հատկացրեց շուրջ 900-1000 անօթեւան ընտանքիների ձմռան վառելիք տրամադրելու համար. անցած, նաեւ այս տարի, քաղաքապետարանը հրաժարվեց նման ծրագիր իրականացնել: Քաղաքապետարանը, ինչպես ակնհայտ է, այս անգամ մտածել է ճոխ ծախսումների եւ կրկնակի հրավառության մասին: Վաղը` ժամը 16:00-ին, Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի 3-րդ հարկի նիստերի դահլիճում կայանալու է ավագանու իրավական հարցերի մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստը: Հնարավոր է, որ այս հարցի շուրջ լինեն թեժ քննարկումներ: Գյումրու ավագանին 2016 թվականին նույն այս նպատակի համար հատկացրել էր 5 մլն 500 հազար ՀՀ դրամ, ամանորյա պարկեր` 2 մլն 500 հազար ՀՀ դրամ, հրավառություն` 1 մլն, կազմակերպչական եւ հյուրասիրության ծախսեր` 1 մլն, փողոցների գեղարվեստական լույսերի վերականգնում` 1 մլն: 2015 թվականին ավագանին ամանորյա միջոցառումների կազմակերպման եւ անցկացման համար հատկացրել էր 6 մլն դրամ` ամանորյա պարկեր` 2 մլն 500 հազար դրամ, հրավառություն` 1 մլն դրամ, կազմակերպչական եւ հյուրասիրության ծախսեր` 1 մլն դրամ, մանկատներին, սոցիալական այլ հասատատություններին նվերներ` 1 մլն 500 հազար դրամ: 2014 թվականին համայնքի աղքատիկ միջոցներից հատկացվել էր 11 մլն դրամ` հետեւյալ կերպ. տոնածառի մոնտաժ-ապամոնտաժ, զարդարում` 1 մլն 800 հազար դրամ, հրավառություն` 1 մլն 200 հազար դրամ, ամանորյա պարկեր` 2 մլն 500 հազար դրամ, հյուրասիրություն` 1 մլն 800 հազար դրամ, Էլդորադո` 700 հազար դրամ, նվերներ 2 մլն 500 հազար դրամ, ձայնաուժեղացուցիչ 500 հազար դրամ: Ասպարեզ