Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արտարժույթի տատանումներն ազդում են պարտքի տոկոսի վրա»

Քաղաքականություն
f070754c3f8ab8a74b089faabbb6a72f

Եվրաինտեգրման համար 2018թ. նախատեսված ծախսերը ներկայացնելիս Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանն այսօր ԱԺ-ում նշեց, որ դրամաշնորհներով միայն 2,4 մլրդ դրամ նախատեսվում է տարածքային զարգացման համար: ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ի պատասխան նշեց, որ եղել են տարբեր մարզերում եւ արձանագրել` խոշորացված եւ խոշորացվող համայնքներում իրավիճակն աղետալի է. «Նախորդ խոշորացման արդյունքում համայնքներում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել, բացի Դիլիջանից, որը մեկ անհատի միջոցով արված ներդրում էր, որեւէ խոշորացված համայնքում դրամաշնորհների արդյունքը մենք չենք տեսել»:  ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ հետաքրքրվեց` արդյոք 2018թ. ՀՀ պետական պարտքը կգերազանցի՞ սահմանված առավելագույն 60 տոկոսի շեմը՝ նշելով, որ  այսօր արդեն այն կազմում է 58,8 տոկոս. «Խնդրում եմ՝ գնահատել մինչ այժմ տրամադրված վարկերի ու դրամաշնորհների արդյունավետությունը: Ո՞ւր ենք գնում այսպիսի պարտքերը շալակած»: «Վարկերի եւ դրամաշնորհների ծախսման արդյունավետությունը ճիշտ այնպիսին է, ինչպես բյուջեով նախատեսված այլ ծախսերի օգտագործումը»,- նշեց Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը: Ի դեպ, Ատոմ Ջանջուղազյանը նաեւ նշեց, որ դրամաշնորհները հիմնականում ստանում ենք արտարժույթով եւ հենց դրա տատանումներն էլ ազդում են պարտքի տոկոսի վրա: