«Եթե չաղ գեներալներին կրճատեն, 1000 դոլար աշխատավարձով 1000 զինվոր կպահեն» (տեսանյութ)
«Առաջին անգամ ավագ սերունդը ոչնչացնում է մեր երեխաների ապագան»,-ահազանգում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը։ Ըստ նրա՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի դեմ բողոքող ուսանողները «ոչ»-ից բացի, պետք է նախ բարձրացնեին պետության պատասխանատվության հարցը իր զինվորի և քաղաքացու հանդեպ։ Մինչև օրս ապրիլյան պատերազմի ընթացքում թույլ տված սխալների համար ոչ ոք պատժված չէ։ «Լավ կլիներ, որ երիտասարդությունը ասեր, իսկ ո՞վ է պատասխան տվել, էդ դու ինձ որ ասում ես գնա, դու կոմպետե՞նտ ես ասելու գնա, վարչապետ ես, նախագահ ես, եթե հանցագործներին չես գտել, դու հենց առաջին հանցագործն ես։ Առաջինը դու պետք է բանտ նստես»,- ասում է Մանուչարյանը։ Ըստ Աշոտ Մանուչարյանի՝ պայմանագրային զինվորականներին պետությունը ամսական պարտավոր է վճարել նվազագույնը 1000 դոլար աշխատավարձ. «Մենք հայության մեջ ունենք հազարավոր մարդիկ, տասնյակ հազարավոր մարդիկ միայն Հայաստանում կան, որոնք ուզում են զինվորական լինեն, պրոֆեսիոնալ զինվորական։ Շատերը նրանցից անցել են թե՛ բանակ, թե՛ պատերազմ և ուզում են լինել զինվորական, բայց նրանց ասում են, որ եթե ուզում ես լինել զինվորական, քեզ հարյուր հազար դրամ աշխատավարձ կարող ենք տալ»։ Կան տարբեր լծակներ բանակի ֆինանսական համակարգը կայունացնելու համար։ Աշոտ Մանուչարյանը կարծում է, որ ազգ-բանակ հայեցակարգը իրականություն կարող է դառնալ, միայն եթե դադարեն վաշխառուական մոտեցումը պետական համակարգի նկատմամբ։ «Պաշտպանության նախարարության անձնակազմը կարող է մի հազար հոգու սահմանում զինվոր պահել հազար դոլար աշխատավարձով, եթե չաղ գեներալներին և մյուսներին կրճատի, որոնք անիմաստ էնտեղ նստած են, միակ իրենց գործը փող ուտելն է»,- ասում է Մանուչարյանը։ Ըստ Մանուչարյանի՝ սրանք կարևորագույն հարցեր են, որոնք առաջին հերթին պետք է բարձրացվեն երիտասարդության կողմից, քանի որ այսուհետ նրանք են երկրի տերը։ Ավելին՝ տեսանյութով