«Ինքնիշխանություն զիջելով՝ ձեռք ենք բերում այլոց զիջած ինքնիշխանությունը». ՀՀԿ-ական (տեսանյութ)
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներին այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հայտարարեց՝ ոչ ոք այս աշխարհում մեզ պարտք չէ, որ մեր փոխարեն կռվի, զինվի, մեր փոխարեն փող պարտք տա. «Երբ մենք մուննաթով ինչ-որ բան ենք պահանջում մեր ռազմավարական գործընկերոջից, դա զարմանք է հարուցում»: Ըստ նրա՝ տարածաշրջանի երկրները իրենց գործողություններն այսօր ճշտգրտում են ՌԴ հետ, այդ թվում՝ Թուրքիան, որը ՆԱՏՕ-ում ունի իր ազդեցությամբ 2-րդ բանակը. «Այսօր հակադրվել ՌԴ հետ, դա շատ վտանգավոր ու հեռանկարում հայ ժողովրդի դեմ ուղղված քաղաքականություն է: Եթե ԵՏՄ-ից դուրս գանք, ապա հսկայական մեծ նվեր կանենք Ադրբեջանին: Յուրաքանչյուր երկիր հարուստ է իր դաշնակիցներով»: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հայտարարեց, որ չի խոստանում կարճ խոսել, քանի որ պետք է իր ասելիքը տեղ հասցնի. «Այնպես, որ բարի գտնվեք»: Նրա խոսքով՝ այժմ խոսում ենք մեծ քաղաքականության մասին. «Իրողություն եւ հնարավորություն, այս սկզբունքներից պետք է ելնել, երբ խոսում ենք մեծ քաղաքականության մասին: Եթե չեք ընդունում այս սկզբունքները, ապա մի զբաղվեք քաղաքականությամբ, այն ձեզ համար չէ: Աշխարհում ոչ մի երկիր չի փորձում միայնակ գոյատեւել, անգամ ԱՄՆ-ն»: Նա հարց ուղղեց լսարանին. «Ապրանք ունենք, չե՞նք արտահանում ԵՏՄ: Այնպես որ, ԵՏՄ-ն չի խոչընդոտում մեզ՝ զարգանալու համար: ԵՄ համար մենք ընդամենը հումքի կցորդ ենք»: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն իր ելույթում նշեց, որ պետք չէ հանուն ՀՀ գնալ ինքնակործանման. «ԵՄ-ն ինքը ընդունում է ԵՏՄ-ն, մենք ո՞վ ենք, որ չընդունենք: Ինչո՞ւ մենք պետք է դրանից հրաժարվենք: Սա մեր կռիվը չէ, այլ գլոբալ աշխարհի կռիվն է, ու մենք մեր դիրքերը պետք է օգտագործենք՝ ի շահ մեր պետականության ու օգտվենք՝ որքան կարող ենք: Բերեք չքննադատենք, այլ աշխատենք: Ասում եք՝ ծիրանի արտահանումը նվազել է, բայց մոռանում ենք, որ արտադրությունն է նվազել: Եկեք բանավիճենք, սակայն մեր շահերից ելնելով՝ չխեղաթյուրենք փաստերը, այլապես դա դառնում է արեւելյան բազար: Այո, պարտավորություններ ստանձնելով, մենք գնում ենք ինքնիշխանության որոշակի զիջման, սակայն ձեռք ենք բերում անդամ այլ պետությունների զիջած ինքնիշխանությունները»: