«Եթե չեք կարողանում օգնել, ապա մի վնասեք». Աշոտյանը՝ ԵԼՔ-ին (տեսանյութ)
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն իր եզրափակիչ ելույթում նշեց, որ խորհրդարանական որեւէ ուժ Ելքի այս նախաձեռնության ետեւում չկա. «Շատ լավն էր Հայկ Կոնջորյանի ելույթը՝ մոնիպուլյատիվ էր, բայց լավն էր: Չկա սրբադասման միտում այս հարցի քննարկմանը: Շատ կարեւոր է ընդունել դիմացինի օրակարգը: Այ տնաշեններ, ընդունեք, որ ԵՄ հետ ստորագրված համաձայնագիրը ՀՀ հաջողված պատմական էջն էր: Ասեք՝ հարգելի իշխանություն, ձեզ չենք ընդունում, սակայն ստացվել է. ախր, մենք զգացել ենք, որ դա դուք ընդունել եք: ՀՀԿ-ն ամենամիջազգայնացված քաղաքական ուժն է՝ դրան հասանք տարբեր բանաձեւերի միջոցով»: Այդ պահին նիստը վարող Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն, օգտվելով իր՝ նիստը վարողի իրավունքից, սկսեց սեղմել զանգի կոճակը՝ ի նշան ելույթը եզրափակելու: Սա բուռն ծիծաղ առաջացրեց դահլիճում: «Այսօր Նիկոլ Փաշինյանի հետ տեղերով փոխվել ենք»,- ծիծաղելով նշեց Արմեն Աշոտյանը, ապա դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց. «Թույլ կտա՞ք ավարտեմ, պարոն Բաբլոյան»: Արմեն Աշոտյանը շարունակեց ելույթը, թեեւ նրա ժամանակը վաղուց լրացել էր. «Ես քիչ եմ, դուք շատ եք»: Ապա՝ շարունակեց. «Անվտանգության հետ կապված եկեք երբեք չխոսենք ապրիլյան պատերազմի մասին այս ենթատեքստում. այդ թեման այդ ձեւով շոշափելու ենթակա չէ: Դուք ավելի լավ կհասկանաք՝ խնդրանքիս տակ ինչ կա: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, այդ մասին նաեւ Սերժ Սարգսյանն ասաց Բրյուսելում՝ 2013թ. մեր պատճառով, չէ, որ չստորագրվեց Ասոցացման պայմանագիրը: Այդ ժամանակ մենք միայն խնդրեցինք վերաբանակցել տնտեսական բլոկը, ասացին՝ հնարավոր չէ՝ երկուսը միասին: Սա ես չեմ հորինում: Տարանջատված մոտեցումը հնարավոր էր միայն որոշ երկրների համար, օրինակ՝ Ուկրաինայի դեպքում: Վերջին երեք խնդրանքս Ելքի գործընկերներիս... տեղից արձագանքողներին ասեմ՝ խոսքը ձեր մասին չէ՝ կմեծանաք, ձեր փայ կասկածելը իմ ասածների մասով, կասեք... Ուրեմն, խնդրանք 1-ին՝ եթե չեք կարողանում օգնել, ապա մի վնասեք, 2-րդ՝ ՀՀ-ն մի դարձրեք աշխարհաքաղաքական ռազմական թատերաբեմ, 3-րդ՝ շարունակենք աշխատել միասին, քանի որ դա մեզ մոտ ստացվում է»: