ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին ժամը 09:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեկտեմբերի 8-ին շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է: Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից): Կոտայքի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է: Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: ---------------------------- Ծանրաքաշ մեքենաների համար Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Սպիտակի և Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Արարատի, Աբովյանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Արթիկ - Ալագյազ, Գորիս – Սիսիան ավտոճանապարհներին տեղ - տեղ մերկասառույց է: Բքի և մերկասառույցի պատճառով ծանրաքաշ մեքենաներին ժամանակավորապես խորհուրդ չի տրվում երթևեկել Վարդենյաց լեռնանցքով: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն