Քաղաքական թեթեւ շտրիխներ՝ Հայկ Պետրոսյանից (տեսանյութ)
Մեզ սպասվում է Ամանորյա ամենաերաժշտական, ամենաուրախ և ամենապոզիտիվ համերգ գծիկ ներկայացումը՝ Խոզի բդի, Նոր տարվա մասին և ոչ միայն: Դեկտեմբերի 18-ին և 19-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Հայկ Պետրոսյանը և ընկերները ներկայացնելու են «Հայկ-ական Նոր տարին»: «Ամանորյա ներկայացումներ ունեցել եմ, - ասում է Հայկը,- սակայն այս անգամ ֆորմատն ուրիշ է լինելու: Սկեթչեր, կատակներ՝ համեմված լավ երաժշտությամբ: Լինելու են նաև կատակ- պոպուրիներ: «Դե նոր տարին ինչ է, - ասում է Հայկը, - մի հատ հետադարձ հայացք ես նետում, անցյալն ես ամփոփում, ներկան ես գնահատում ու ապագայի պլաններ կազմում, այսինքն կատակելու համար ծավալը մեծ է»: Իսկ քաղաքական հումորից Հայկը որոշել է հնարավորինս խուսափել: Այնպես չէ, որ համարձակության խնդիր կա, այլ այն պատճառով, որ ամբողջ տարին մարդիկ շատ քաղաքականացված են ու իրավունք ունեն գոնե այդ օրերին քաղաքականությունից մի քիչ հանգստանալ: Որոշ քաղաքական շտրիխներ ամեն դեպքում Հայկի խոսքով կլինեն: Վերջապես տարի ենք ամփոփում, բայց հիմնականում թեթև, նուրբ, բարի կատակներ են: Մեր զինվորներին են նաև անպայման հիշելու: Հատուկ հյուրերն են լինելու Միքայել Ոսկանյանը, Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը: Նոր տարին Հայկը սիրում է նշել հարազատների ու ընկերների հետ: Ալտերնատիվ տարբերակներ, օրինակ՝ սարի գլխին բարձրանալ, չի ընդունում: Հայկի համար Նոր տարին ամենաընտանեկան, ամենաջերմ տոնն է, որը «ասոցացնում» է տատիկի հետ, որովհետև, որ ասում են ջերմություն, իր տատիկին է միանգամից պատկերացնում: Բայց վերջին տարիներին տանը չի ստացվում նշել: Երկու տարի բանակում է եղել, հետո, աշխատանքի բերումով չի ստացվում, որովհետև դեկտեմբերի 31-ը, Հայկի խոսքով, կորպորատիվ երեկո վարելու ընտիր տարբերակ է: «Այս գլոբալիզացվող աշխարհում, համատարած վազքի մեջ, մեր հարազատներից, ընտանիքից էլ ենք կտրվում,-ասում է Հայկը: - Այնպես որ Նոր տարին ինձ համար տուն վերադառնալու տոն է: