Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս ժամանակներում արժանի գործ ստեղծելը անհավատալի մի բան է. Երվանդ Ղազանչյան (տեսանյութ)

Մշակույթ
ruzanna2

«Դժվար ժամանակներ ենք ապրում և այս ժամանակներում արժանի գործ ստեղծելը անհավատալի մի բան է», - ասում է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը։ Այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատմության գիրք-ալբոմի շնորհանդեսն էր։ Մեծածավալ աշխատության հեղինակը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանն է։ Թատրոնի հիմնադրման նախապատմություն, հիմնադիրների և արտիստների կենսագրությունները, լուսանկարներ, աֆիշներ։ «Իր գոյության 85 տարիներին օպերայում շատ արվեստագետներ են իրենց գրանցումը, այցետոմսը ստացել,սակայն բախտավոր են այն արվեստագետները, որ հետք են թողել այս պատմության մեջ», -ասաց գրքի հեղինակը։ Նրա խոսքով փորձել է հնարավորինս ճշգրտորեն և անաչառ ներկայացնել մեր հայկական մշակույթի տաճարի պատմությունը, հարուստ անցյալն ու հետաքրքիր այսօրը։ «Օպերային թատրոնի հետ համարյա հասակակիցներ ենք», ասում է Սերգեյ Առաքելյանը,-  և կարելի է ասել, որ ծնվել ու մեծացել եմ այստեղ։ Շնորհակալ եմ ճակատագրին, որ ինձ բախտ վիճակվեց գրելու այս պատմությունը»։ «Հրատարակված գրքի չափ նյութ է դուրս մնացել Սերգեյ Առաքելյանի պեղված նյութերից, ասում է Երվանդ Ղազանչյանը։-Նրա արխիվներում 2500 նմուշ բացառիկ փաստագրական նյութ կա Սայաթ-Նովայի վերաբերյալ, նաև Հովհաննես Թումանյանի և Շիրվանզադեի ձեռագրերը։ Մի տեղ է պետք բացել, ու այս ամենը նկուղներից լույս աշխարհ տեղափոխել»։ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը անակնկալ հայտարարություն արեց, ասելով, որ հաջորդ տարի Դսեղում կբացվի Սայաթ-Նովայի թանգարանը և արդեն իսկ պարոն Առաքելյանի հետ խոսել են այս մասին։ «Մեր թատրոնի հոբելյանական թատերաշրջանի լավագույն նվերն է»,- ասում է թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։ Երվանդ Ղազանչյանի խոսքով այս գիրքը տուրք է անցած պատմությանը և հետագա սերունդները պետք է իմանան, թե ինչ օպերային թատրոն ենք ունեցել, իսկ Կոնստանտին Օրբելյանը կվերադարձնի մեզ այն Օպերան, որով էլի կհպարտանանք։ Եվ ամեն հնարավորը պետք է արվի, որ Օրբելյանը չհուսահատվի։  «Գիրքը ավարտվում է Տիգրան Լևոնյանի ղեկավարած տարիներով, ասում է հեղինակը,- և սա ես համարում եմ առաջին հատորյակն է։ Հուսով եմ, որ պետք է ունենա իր շարունակությունը, որ դեռ առջևում է։