Օպերային թատրոնում ռեստորանի կառուցումն ուշանում է (տեսանյութ)
Օպերայի եւ բալետի ազգային թատրոնում ռեստորանի կառուցումն ուշանում է: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը դեռ տարվա սկզբին էր խոստացել, որ այն կկառուցվի. «Ցավոք սրտի մենք մինչեւ այս պահը դեռ վերջնական որոշում չենք կայացրել, թե որ ընկերությունների եւ որ կազմակերպությունների հետ պետք է աշխատենք»: Պարոն Ամիրյանը հույս ունի, որ հանրապետության գլխավոր բեմը հաջորդ տարի կունենա իր ռեստորանը: Ռեստորանից բացի, Օպերայի եւ բալետի ազգային թատրոնը չունի նաեւ գլխավոր դիրիժոր: Վերջինը Կարեն Դուրգարյանն էր, որը հեռացավ Գեղամ Գրիգորյանի գեղարվեստական ղեկավար նշանակվելուց հետո: Թատրոնի գործող գեղարվեստական ղեկավարը՝ Կոնստանտին Օրբելյանը, որը Ամերիկայում ծնված ռուսախոս հայ է, մտադիր չէ վերականգնել այդ հաստիքը. «Երբ թատրոնի տնօրենը եւ գեղարվեստական ղեկավարը դիրիժոր է, թատրոնին գլխավոր դիրիժոր պետք չէ, ես եմ դիրիժորը: Իսկ երբ մեր բոլոր դիրիժորներն աշխատում են նվագախմբի հետ, նրանք բոլորը գլխավոր են»: Ինքը՝ Կոնստանտին Օրբելյանը, Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվելուց հետո դեռեւս բալետային որեւէ ստեղծագործության դիրիժոր չի եղել: Դա այդքան էլ հեշտ չէ. «Եթե որեւէ մեկը կասի, որ դա հեշտ է, կստի»: Մշակույթի նախարարն անձամբ էր ներկայացել Oպերայի եւ բալետի ազգային թատրոնի ամփոփիչ ասուլիսին, որպեսզի ասի, թե տարվա ընթացքում ինչքան փայլուն է անցկացվել ամեն ինչ: Տարվա ընթացքում օպերայի դահլիճը եղել է 90 տոկոս լեփլեցուն. «Նույնիսկ բարձրացված սակագնով դահլիճը վարձակալության հանձնելը մեզ ձեռնտու չէ այսօր, մեզ ձեռնտու է ներկայացում խաղալ, եւ ֆինանսական առումով, եւ ստեղծագործական առումով»: Կոնստանտին Օրբելյանը շնորհակալ է հատկապես իշխանություններին, այն ինչ թատրոնն անում է, բազմաթիվ ջանքեր եւ փող է ուզում. «Իշխանությունների հետ լավ հարաբերություններով, եւ Ռիտա Ալեքսանդրովնայի, եւ Սերժ Ազատիչի հետ մենք կատարել ենք մեր առաջին քայլերը դեպի երաժշտական Օլիմպոս»: Մյուս տարի թատրոնի կոլեկտիվը կլինի Դուբայում: Այնտեղ պատրաստվում են բեմականացնել Բիզեի «Կարմեն» օպերան: