Փակեք լսումները, գնանք տներով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
«Առանձին ապրանքների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հորդորեց թանկացած ապրանքների փոխարեն օգտագործել էժանացածը։ «Ոչ մի խնդիր չկա, ժողովուրդ ջան, կարագը թանկացել է, կանաչի կերեք։ Գառան միսը թանկացել է, կանաչ սոխ կերեք։ Խոզի միսը թանկացել է, սխտոր կերեք։ Բենզինը թանկացել է, բրդեք ձեր մեքենաները»։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ստեղծվել է պատկերավոր մի կշեռք, որի մի նժարին դրվել են թանկացումները, մյուս նժարին՝ էժանացումները։ Համագումարի արդյունքում ստացվում է այն, որ համատարած գնաճի պայմաններում վիճակագրական ծառայությունը եկել եզրակացության, որ գնաճն ընդամենը 2.6 տոկոս է։ «Եթե սերուցքային կարագը պաշտոնական թվերով 46 տոկոս թանկացել է, ապա դրան հակակշռում է խառը կանաչու 48 տոկոս էժանացումը։ Եթե գառան միսն է 28.9 տոկոսով թանկացել, դրան հակակշռում է կանաչ սոխի 18.23 տոկոս էժանացումը։ Ստացվում է այն փիլիսոփայությունը, որի վրա հիմնվելով Կառավարությունն ասում է՝ գնաճի մեջ ոչ մի ողբերգություն չկա։ Ֆինանսների նախարարը ասում է՝ 2011 թվականին 7 տոկոս գնաճ է եղել, մարդ է՞ մեռել։ Փակեք լսումները գնանք տներով։ Այսինքն՝ մեր չափանիշն այն է՝ մարդ մեռել է, թե չի մեռել։ Հայաստանում էնքան բանից մարդ չի մեռնում»։ Նիկոլ Փաշինյանը զարմանում է, թե կարագի գնի բարձրացմանը զուգահեռ ինչու՞ Հայաստանի Հանրապետության գյուղացիներից մթերվող կաթի գինը չի բարձրացել։ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ թեև Կառավարությունն ու իշխանությունը հայերեն են խոսում, այն էլ գրական բառերով, բայց իրականությանը չի համապատասխպանում։ «Մեր իշխանության ներկայացուցիչները իրականությունը վերցնում են գցում google translate-ի մեջ, translate են անում նոր կարդում։ Այսինքն՝ ըստ էության ամեն ինչ ճիշտ են ասում, բայց google translate-ով են ասում, որն իրականության հետ կապ չունի»։