Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ն և Նիդեռլանդները կհամագործակցեն գյուղոլորտում

Պաշտոնական
Niderlandner3

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Դավոսում հանդիպել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ: ՀՀ վարչապետը  նախ շնորհակալություն է հայտնել՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին  Նիդեռլանդների կողմից  շարունակաբար ցուցաբերվող տեխնիկական և ֆինանսական աջակցության համար, այդ թվում՝ միջազգային ֆինանսական կառույցների՝ ՎԶԵԲ-ի, Համաշխարհային բանկի և ԱՄՀ-ի , ինչպես նաև հոլանդական խմբի միջոցով, որի անդամ է Հայաստանը: Վարչապետը  գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին, ներկայացրել  մակրոտնտեսական ցուցանիշներն ու աճի դրական միտումները, նշել, որ ԵԱՏՄ-ի անդամակցությունը, Եվրամիության հետ համագործակցությունն  ու հարևան Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունները Հայաստանը  հետաքրքիր են դարձնում տարածաշրջանային շուկաներ մուտք գործելու առումով:  Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիության հարաբերություններին և անցած տարվա նոյեմբերին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ընձեռված հնարավորություններին: Վարչապետ Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության բնագավառում մեկնարկած բարեփոխումները՝ ընդգծելով, որ այստեղ  փոխգործակցության մեծ ներուժ է առկա: «Մենք չափազանց հետաքրքրված ենք Նիդեռլանդների՝ որպես գյուղատնտեսության ոլորտում աշխարհում առանցքային նշանակություն ունեցող երկրներից մեկի փորձով և գիտելիքներով», - ընդգծել է Կարեն Կարապետյանը: Մարկ Ռուտեն իր հերթին նշել է, որ Նիդեռլանդները  գյուղատնտեսության արտադրանքի ծավալներով աշխարհում երկրորդ երկիրն է, և իրենք  ուրախ կլինեն կիսվել այդ բնագավառում իրենց փորձով ու պատրաստակամ են գործնական քայլեր իրականացնել այդ ուղղությամբ: