«Դետք»-ի՝ «Մի ազգ, մի բանակը». պրեմիերա (տեսանյութ)
Առավոտ շուտ Միքայելն ու Վահանը անակնկալ են մատուցում իրենց ընկերոջը, որն աշխատում է իր վիդեոբլոգի հերթական թողարկման վրա։ Տղաները օրերս են զորացրվել։
Ընկերությունից բացի նրանց կապում է երաժշտական մի նախագիծ՝ «Դետք» խումբը։ Միքայելն ու Վահանը երգում են, իսկ Դավիթը՝ խմբի ադմինիստրատորն է։
Հունվարի 26-ին տեղի է ունենալու «Դետք» խմբի՝ «Մի ազգ, մի բանակ» խորագրված տեսահոլովակի պրեմիերան, որը կլինի յոթերորդը 3-ամյա խմբի կյանքում։
«Դետքը» հայկական սոֆթ ռոք ժանրի բոյ բենդ է, որը ստեղծվել է 2015 թվականին։ Դեբյուտը եղել է «Մամա» երգը։
Տղաները տեսախցիկի առաջ չեն խոսում, քանի դեռ չի զորացվել խմբի մյուս անդամը՝ Արմանը։ «Առանց նրա չի լինի…»,- ծիծաղում են։
Ադմինիստրատոր Դավիթ Առաքելյանը միայն հիշեցնում է, որ տղաները ստանձնել են դիտորդի դեր՝ հավատարիմ իրենց խմբի անվանը։
«Մեր տղաներն էլ իրենց հերթին դիտորդներ են, որոնք տեսնում են, թե ինչ է կատարվում եւ փորձում են այդ խոսքը ասել երգի միջոցով»,- ասում է Դավիթը։
Ի դեպ, դետքը ռազմական տերմին է. այդպես են կոչում պաշտպանության ու հետախուզության համար զորքից առաջ ուղարկվող փոքրիկ ջոկատը կամ ջոկատի անդամներին։