Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

18-ամյա Հայկը լուրջ հաջողություններ ունի Դուքենդո մարզաձևում (տեսանյութ)

Հասարակություն
marziych

Հայկ Մելքումյանն ընդամենը 18 տարեկան է, բայց հասցրել է բազում հաջողություններ գրանցել Դուքենդո մարզաձևում: 60 մեդալը, 6 գավաթը, սուրը, սերտիֆիկատները, դիպլոմներն ու գոտիներն են  զարդարում են նրա ննջասենյակի պատը: Սպորտի սկսել է հաճախել 9 տարեկանից: Դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեն առաջացել է կարատեի արևելյան դպրոցներից, հիմնադրվել է 2006 թ.-ին ԱՄՆ-ում և համարվում է ամերիկյան մարտարվեստ։ Դուքնեդոյի ստեղծման հիմք են կարատեն, ձյուդոն, այկիդոն, թեքվանդոն, ուշու սանդան, մուայ-թայը և բռնցքամարտը։ Դուքենդո բառը բաղկացած է «do»՝ «անել, կատարել» և «can»՝ «կարողանալ» բառերից։ Այն թարգմանաբար նշանակում է «Արա՛, կարո՛ղ ես»։ Հայկը տան ամենակրտսերն է: Ապրում է Արագածոտնի մարզի Ն. Բազմաբերդ գյուղում: Ավագ 2 եղբայրները, ովքեր այժմ ծառայում են Հայոց բանակում, նույնպես հաճախում էին կարատեի, սակայն կիսատ թողեցին: Մայրն ասում է, որ տղայի մասնագիտական կողոմնորոշման մեջ դեր չի խաղացել, ինքն է ընտրություն արել ու ինքն էլ հաղթահարել է դժվարությունները: «Շատ փոքր էր, բոլորն ինձ նախատում էին՝ ինչպես եմ թողնում, որ գյուղից մենակ գնա Երևան պարապմունքի ու գա: Բայց ես իր վրա վստահ էի, ասում էի՝ թող սովորի, ինքը կարող է»,- պատմում է մայրը՝ Մարիամ Թորոսյանը: Հայկը բազում մրցումների է մասնակցել Հայաստանում ու նրա սահմաններից դուրս: Ունեցել է ադրբեջանցի 2 մրցակիցներ, որոնց հաղթել է: Պարտությունները չեն կոտրել տղային: Ասում է, որ առանց պարտության հաղթանակի համը զգալ հնարավոր չէ: «Դժվարությունների պահին կողքիդ պետք է լինի այնպիսի մարդ, ով կմեղմի դրանք ու առաջ կմղի,-ասում է նա, սակայն գաղտնի պահում, թե ով է հենց իր դժվարությունները մեղմողը,- դա թող գաղտնի մնա»: Հայկը հպարտանում է իր մարզչով՝ Տիգրան Հովհաննիսյանով և ձգտում է կյանքում նմանվել նրան: «Ինքն է ինձ հասցրել էս աստիճանի, ինքն է ինձ չարչարել, որ հասնեմ մեծ բարձունքների»,- ասում է նա: Սենյակի պատին՝ մրցանակների մեջ Քրիստոսի պատկերներ կային: Հայկը նախապես աղոթելով՝ հավատով է մտնում մրցադաշտ: Սկսնակ մարզիկներին խորհուրդ է տալիս միշտ առաջ նայել, չէ՞ որ կյանքը փորձություն է: