«Նրանց հրաժարականը ոչ թե Շառլ դը Գոլի, այի Գորբաչովի հրաժարականին կնմանվի» (տեսանյութ)
20 տարի առաջ փետրվարի 3-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական ներկայացրեց: Այսօր նրա թիմակիցները դա գնահատում են՝ որպես դեմոկրատական կառավարման քայլ, ինչպես նաեւ՝ պետական գործչի գործողություն, որը երկրի շահը վեր դասեց ամեն ինչից: «Ի տարբերություն Լեւոն Տեր-Պետրոսյանի, այսօր ՀՀ-ում այնպիսի գործիչներ են իշխանության, որոնց համար հրաժարականը մի աներեւակայելի բան է: Էդ մարդիկ պատրաստ են ամեն ինչի գնալ եւ ամեն գնով պահպանել իրենց աթոռը: Դրա մեծագույն վկայությունը մարտի մեկի ողբերգությունն է, երբ այդ մարդիկ՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, որոշում ընդունեցին արյան մեջ խեղդել այն քաղաքական գործընթացը, որը սկսվել էր Տեր-Պետրոսյանի կողմից», «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը: Հրաժարականի համար հիմք հանդիսացավ ԼՂ հակամարտության կարգավորման՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումը, որին դեմ էր իշխանության հայտնի շրջանակները: Ըստ Լեւոն Զուրաբյանի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, լինելով հեռատես պետական գործիչ, հասկանում էր, որ ԼՂ խնդիրը պետք էր լուծել այն ժամանակ, քանի որ Ադրբեջանն, օգտագործելով իր նավթային պաշաները, կհզորացներ իր ռազմական բազան եւ կհայտնվեր թելադրողի դերում: «Եւ նա ճիշտ դուրս եկավ: Հիմա մեզ ավելի ծանր պայմաններով պարտադրում են խաղաղություն: Եւ քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ տեսլականն ուներ, նա մտավ հակամարտության մեջ իր սեփական Կառավարության այն անդամների հետ, որոնք նման հեռատեսություն չունեին ու որոնք պետք է տարիներ շարունակ գլուխները պատով տային, որ հասկանային՝ Տեր-Պետրոսյանը ճիշտ էր»,- նկատեց Լեւոն Զուրաբյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից մեկ օր առաջ հրաժարական էր տվել Երեւանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանն ու ԱԳՆ Ալեքսանդր Արզումանյանը: Մամուլն այդ օրերին գրեց՝ «Վանոն ցեցը գցեց, առնետները լքում են խորտակվող նավը»: «Կարծեմ, այդ ժամանակ՝ որպես նախագահի մամուլի խոսնակ, ես հերքեցի այդ լուրը՝ ասելով, որ դա հիմարություն է՝ խոսելով այդ մասին, դա անվանել՝ որպես առնետների փախուստ: Իրականում, ըստ էության, որոշում էր ընդունված իր հրաժարականի մասին ու իր ամբողջ թիմն իրեն սատար կանգնեց. ոչ թե լքեց, այլ սատարեց, իր համերաշխությունը հայտնեց այդ որոշմանը»,- հիշեցրեց ՀԱԿ փոխնախագահը: Լեւոն Զուրաբյանը հիշում է, որ նոր եկող իշխանությունն անգամ փորձել է շատերին գայթակղել՝ պաշտոններ առաջարկելով. «Նրանք չէին ուզում, որ մարդիկ միանգամից հեռանան եւ ահագին լուրջ կադրային խնդիրների առաջ կանգնեն: Ինձ էլ են դիմել էն ժամանակ. ինձ առաջարկել են, օրինակ, Արգենտինայում դեսպան լինել»: Նման թավշյա հեղափոխություն Լեւոն Զուրաբյանը չի պատկերացնում գործող իշխանությունների պարագայում. «Այ, նրանց հրաժարականը ոչ թե Շառլ դը Գոլի կամ Թոմի Բլեյերիի հրաժարականի նման, այն նրան, որ տվել են Գորբաչովը կամ Միլոշեւիչը, որոնք ստիպված են եղել հրաժարական տալ, քանի որ իրենց տակ իշխանությունը փլվել է»: Գործող իշխանությունները ոչ միայն չեն պատրաստվում թավշյա հեղափոխության, այլեւ ամրապնդում են իրենց դիրքերը՝ հիմք ընդունելով նոր Սահմանադրությունը՝ իշխանության վերահսկողության կենտրոնացում վարչապետի ձեռքին, Կառավարության նիստերի դռփակ անցկացում եւ այլն. «Սերժ Սարգսյանը ստեղծում է մի նոր կառուցվածք քաղաքական համակարգի, որտեղ այլ անվան՝ վարչապետի անվան տակ, ամբողջ վերահսկողությունը պահելու է իր ձեռքերում»: Ի դեպ Արդեն 10-րդ տարին ՀԱԿ-ը մարտի մեկին կանցկացնի բողոքի երթ՝ ի հիշատակ 10 զոհերի: Մինչ այդ՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում կնշեն Շարժման 30-ամյակը: