Յուրի Իսրայելյանը ադրբեջանցիներին զրկեց մեդալներից
Ձյուդոյի Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները ընթացիկ շաբաթ-կիրակի օրերին մասնակցեցին միջազգային կարեւոր մրցաշարերի: Մեր երիտասարդական եւ պատանեկան հավաքականները մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ Իսպանիայում մասնակցեցին Եվրոպայի կադետների գավաթի խաղարկությանը: 50 կգ քաշային կարգում հանդես եկած 17-ամյա Յուրի Իսրայելյանը, չնայած քառորդ եզրափակչում պարտվեց ֆրանսիացի Ռոման Վալադիերին, սակայն հետո հաղթեց սփոփիչ գոտեմարտերում եւ 3-րդ տեղի համար պայքարելու իրավունք ստացավ: Բրոնզե մեդալի համար վճռորոշ մարտում Յուրի Իսրայելյանը լրացուցիչ մրցափուլում հաղթեց ադրբեջանցի մրցակցին եւ ի վերջո բարձրացավ պատվո պատվանդանի 3-րդ հորիզոնականին: Ի դեպ, մեր մարզիկն առաջին փուլում նույնպես պարտության էր մատնել Ադրբեջանի ներկայացուցչին: Իսկ ահա 55 կգ քաշային Ստյոպա Դարբինյանը եւ 81 կգ քաշային Մամիկոն Ավետիսյանն անհաջողության մատնվեցին նախնական փուլերում եւ ժամանակից շուտ դուրս մնացին պայքարից: Ավստրիական Օբերվարտ քաղաքում կայացավ մեծահասակների Եվրոպայի բաց մրցաշար: Հայաստանի չորս պատվիրակներից առավել հաջող հանդես եկավ 73 կգ քաշային Արսեն Ղազարյանը: Նա հաղթահարելով նախնական փուլերը, մտավ կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, պարտվեց ավստրիացի Լուկաս Ռեյտերին: Ավաղ, 3-րդ տեղի համար մրցամարտում մեր մարզիկը իպոնով պարտվեց իտալացի Ջիովանի Էսպոզիտոյին, չնայած մինչ այդ երկու վազարի ուներ եւ հաղթում էր մրցակցին: Մեր մյուս երեք ձյուդոյիստները՝ 60 կգ քաշային Նարեկ Կարապետյանն ու Վահագն Հովսեփյանը, 81 կգ քաշային Վարդան Խաչատրյանը, տանուլ տվեցին նախնական մրցամարտերը եւ ժամանակից շուտ ավարտեցին ելույթները: