Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սումգայիթյան ջարդերը սպասում են իրենց արդար դատին»

Քաղաքականություն
Untitled3-10

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումներին այսօր հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն իր ելույթում ասաց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունները վկայում են այն մասին, որ ադրբեջանական հակահայ քաղաքականությունը, որի ծանր դրսեւորումը Սումգայիթյան ջարդերն էին, ծրագրավորված են եղել եւ պատմություն չեն, իրականություն են. «Գիտեք, որ Ադրբեջանը ինտերպոլով հետախուզում է հայտարարել մեր հայրենակից Գասպար Կարապետյանի հանդեպ: Նա ղեկավարում է եվրոպական Հայ դատի գրասենյակը: Ադրբեջանն իր երկրի ներսում քաղաքական որսը ավարտել է, հիմա էլ երկրի սահմաններից դուրս է դա անում: Հուսով եմ, որ եվրոպական կառույցները չեն տրվի այդ սադրանքներին»: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր հերթին հայտարարեց, որ սումգայիթյան ջարդերն իրենց ատելությամբ ու դաժանությամբ գերազանցում են հիտլերյան ոճրագործությունը. «Սումգայիթյան ջարդերը սպասում են իրենց արդար դատին»: ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն իր ելույթում նշեց, որ Ադրբեջանի կողմից 1988թ. փորձ կատարվեց լռեցնել արցախահայությանը՝ ամբողջ տրածքով ջարդեր կազմակերպելով. «Ատելության եւ հայատյացությունը Ադրբեջանի ներքին ու արտաքին քաղաքականության անքակտելի մասն են եւ կազմում են ադրբեջանցիների ինքնգիտակցությունն ու կայացումը: 30 տարվա ընթացքում որեւէ բան չի փոխվել Ադրբեջանի քաղաքականության մեջ: Դրա վկայությունն էր Հունգարիայում հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի՝ Ադրբեջանի հերոսացումը: Ադրբեջանի քարանձավային դրսեւորումները շարունակվեցին հետագայում՝ հայ ռազմագերինների նկատմամբ: Քաղաքակիրթ երկրների նորմերը այդ երկրի համար դատարկ հնչյուններ են»: