Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

   Արմեն Մարտիրոսյանն ընտրվեց վարչության նախագահ

Պաշտոնական
Heritage-h1

Այսօր՝ փետրվարի 24-ին, Արցախյան ազատագրական շարժման 30-ամյակի կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցության վարչությունը համապետական իր քաղաքական խորհրդի հետ մեկտեղ նիստ անցկացրեց  մայրաքաղաքում գտնվող՝ «Ժառանգության» կենտրոնական գրասենյակում:   Հանրապետության բոլոր մարզերից հավաքված 50 պատվիրակները քննարկեցին երկրի ներկա քաղաքական իրավիճակը՝ Շարժման ժառանգության բազմիմաստ լույսի ներքո: «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի ուղերձը կցվում է այստեղ:   Ավելի ուշ հրավիրված՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը քննարկեց պաշտոնատար անձանց ռոտացիայի իր մշակած երկարատեւ եւ խիստ այժմեական քաղաքականությունը: Ողջ մանրամասնությամբ քննարկվեց Հովհաննիսյանի ներկայացրած օրակարգային դրույթը:   Արդյունքում «Ժառանգության» վարչությունը Արմեն Մարտիրոսյանին ընտրեց նախագահ, Սուսաննա Մուրադյանին՝ փոխնախագահ եւ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ քաղաքական խորհրդի պատասխանատու: Վանիկ Ալեքսանյանը կշարունակի կատարել վարչության քարտուղարի, Անդրանիկ Գրիգորյանը՝ միջազգային հարցերով գլխավոր քարտուղարի եւ Գեւորգ Ղահրամանյանը՝ կուսակցության խոսնակի պարտականությունները:   «Ես համոզված եմ եւ հավատացած, որ այս նոր ղեկավարության ներքո «Ժառանգությունը» կշարունակի Հայաստանին եւ հայությանը ծառայելու իր առաքելությունը` հետապնդելով մեր իրավունքները, ինքնիշխանությունը եւ կենսական ազգային շահերը»,- ասաց Հովհաննիսյանը:   «Մենք «Ժառանգությունում» լավ գիտենք համեստության, մարդկայնության ու հայրենիքի իմաստը, եւ մեր քաղաքացի-հայրենակիցները թող վստահ լինեն, որ եթե մենք իսկապես ցանկանանք՝ ազատության եւ արդարության մեր որոնումն ի վերջո անպայման կհաղթանակի»,- եզրափակեց վարչության նորընտիր նախագահ Արմեն Մարտիրոսյանը:   «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն    «Ժառանգություն» կուսակցությունը հիմնադրվել է 2002թ. եւ գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: