Ֆիրդուսի, Խանջյան, Չայկովսկու բնակիչները շուտով օտարման ծանուցում կստանան (տեսանյութ)
Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Երևան քաղաքի 33-րդ թաղամասի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» նախագծին: Այսինքն՝ առաջիկայում Հանրապետության, Ֆիրդուսի, խանջյան և Չայկովսկու փողոցների, ինչպես նաև Տիգրան Մեծ պողոտայի որոշ բնակիչներ ծանուցումներ կստանան՝ իրենց սեփականությունների օտարման մասին: Իսկ այս ընթացքում կառավարության շենքի բակում կրկին բողոքում էին Երևանի կենտրոնի՝ հանրային գերակա շահ ճանաչված տարածքների նախկին բնակիչները. «Քառակուսի մետրը մեզ տվել են 230-270 դոլարով, բայց էն ժամանակ Զախարյանը հայտարարեց՝ 1000 դոլարով են տվել, մի 7 հոգու էդքանով տվեց, հինգին էլ Տարոն Մարգարյաննա տվել, բոլորը ստացել են բացի մեզնից, ունեցել եմ 125 քառակուսի մետր տարածք, ինձ տվել են 46 հազար, էն ժամանակ ով ծանոթ ու բարեկամ ուներ համ բնակարան ստացավ, համ 1500- ով հաշվեցին»,- նշում է Բուզանդի փողոցի նախկին բնակիչ Քնարիկ Առաքելյանը: Տներից զրկված երևանցիները միակ բողոքողները չէին: Որդեկորույս մայրերը պահանջում են բացահայտել բանակում՝ խաղաղ պայմաններում մահացած իրենց որդիների սպանությունները. «Իմ տղային խեղդել են, հետո կախել են, բայց պաշտոնական վարկածով ինքնասպանություն են ճանաչել, տղային մարմնի վրա լիքը հետքեր կան, դեպքի վայրում աթոռա եղել, որի վրա իբր իմ տղան կանգնելա, բայց էդ աթոռն ինչի՞ա էդտեղ, եթե իմ տղան կանգնածա եղել ոտքերի վրա, մի բան էլ ոտքը ծալված ա եղել»,- նշում է Վալերիկ Մուրադյանի մայր Նանա Մուրադյանը: Ակցիա անող քաղաքացիները կառավարության շենքի մոտ մնացին մինչև նիստի ավարտը, բայց այդպես էլ պաշտոնյաներից նրանց բողոքը լսող չեղավ: