Հայաստան – Էստոնիա. Հանդիպում աշխարհի ամենաշատ ճանապարհորդող թիմի հետ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր ընկերական խաղում իր հարկի տակ ընդունելու է Էստոնիայի ընտրանուն: Մեր հյուրերն առաջին հերթին հայտնի են նրանով, որ ամեն տարի ճանապարհորդում են տարբեր աշխարհամասեր եւ հանդիպումներ ունենում նոր մրցակիցների հետ: Մասնավորապես՝ անցած տարվա վերջում Էստոնիայի հավաքականն ուղեւորություն էր կազմակերպել դեպի Օվկիանիա, որտեղ հանդիպել էր Ֆիջիի, Վանուատուի եւ Նոր Կալեդոնիայի ազգային թիմերի հետ: Բանն այն է, որ Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան նպատակ է դրել ընկերական խաղեր անցկացնել բոլոր այն երկրների հավաքականների հետ, որոնք մտնում են ՖԻՖԱ-ի կազմի մեջ: Ինչ վերաբերում է Հայաստանի ընտրանու հետ փոխհարաբերություններին, ապա էստոնացի ֆուտբոլիստներն արդեն 4 անգամ եղել են մերոնց ախոյանը: Ընկերական խաղերում թիմերը տարել են մեկական հաղթանակ (2:1, 0:2), իսկ ահա 2010թ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում ավելի հաջող է հանդես եկել Էստոնիայի հավաքականը՝ 2:2, 1:0: Հայաստանի եւ Էստոնիայի հավաքականների թվով հինգերորդ խաղը տեղի կունենա այսօր Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 18:00-ին: Բուքմեյքերական գրասենյակներն առավելությունը տալիս են մեր ընտրանուն՝ 1,75 գործակից ընդդեմ 5,20-ի: Զարմանալու ոչինչ չկա, քանի որ Հայաստանի հավաքականը վերջին երկու ընկերական խաղերում սեփական դաշտում հաղթել է Բելառուսի եւ Կիպրոսի հավաքականներին՝ 4:1, 3:2: Հարկ է նշել, որ Էստոնիայի հավաքականն իր վերջին ընկերական մրցավեճում ոչ-ոքի է խաղացել 2018թ աշխարհի առաջնության մասնակից Շվեդիայի ընտրանու հետ՝ 1:1, չնայած շվեդներն այդ խաղում հանդես էին եկել առանց առաջատար ֆուտբոլիստների: