Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս վտանգավոր է տեղի հայության համար (տեսանյութ)
58 օր տևած «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության արդյունքում սիրիական քրդաբնակ Աֆրին քաղաքը գրավելով Թուրքիան հայտարարում է, որ չի սահմանաձակվելու այդքանով։ Էրդողանը նշել է, որ շարունակելու է ռազմական գործողությունները նաև Սիրիայի հյուսիսում։ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը այս հայտարարության մեջ նաև վտանգներ է տեսնում Սիրիայի հայ համայնքի նկատմամբ։ «Սիրիայի հյուսիսային հիմնական քաղաքը, որտեղ հայեր են բնակվում, Ղամշլուն է, որը շատ մոտ Իրաքի սահմանին։ Եթե իսկապես գործողությունները հասնեն այդտեղ, ապա ամբողջ քաղաքաը և ամբողջ այդտեղ բնակվող հայությունը վտանգի տակ կլինի։ Ես վստահ չեմ՝ թույլ կտան Թուրքիային տարբեր ուժերը, որ այդքան ծավալվի։ Բայց եթե Թուրքիան հայտարարում է, որ դա է ծրագիրը, արդեն ինքնին մտահոգիչ է»,- ասաց Կիրո Մանոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Ըստ Կիրո Մանոյանի՝ ԱՄՆ որոշեց Թուրքիային ազատություն տալ, սակայն ամեն ինչ չէ, որ թույլ կտա։ Սիրիայում շատ ուժեր են հավաքվել, որոնց շահերը բախվում են և Թուրքիայի տարածվելը կկանխեն։ Այս ամբողջ ֆոնի վրա Սիրիայի ներքին ճգնաժամը էլ ավելի բարդ փուլի է հանգում։ «Սիրիայի ներքին հարցերը չեն լուծվի, մինչև Թուրքիան դուրս չգա։ Միևնույն ժամանակ միջազգային այլ ուժերն էլ իրենց հարցերն ունեն Սիրիայում, ինչը բարդացնում է իրավիճակը»,- ասաց Կիրո Մանոյանը։ Նշենք, որ ապրիլի 3-ին սպասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիպ Էրդողանի հետ։ Կիրո Մանոյանը առանձնապես լուրջ փոփոխություններ չի ակնկալում այդ հանդիպումից։