Վիգեն Սարգսյանը ելույթ է ունեցել Մոսկվայի միջազգային անվտանգության հարցերով համաժողովին (տեսանյութ)
Հարգելի տիկնայք և պարոնայք, Նախևառաջ` շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Կուժուգետի Շոյգուին՝ արդեն իսկ ավանդական դարձած միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան համաժողովին մասնակցելու հրավերի համար: Այս տարի համաժողովն անցկացվում է միջազգային հարաբերություններում բարձր լարվածության պայմաններում, և մեր այսօրվա նիստի թեման, որ կրում է «Գլոբալ անվտանգությունը բազմակենտրոն աշխարհում» խորագիրը, հատկապես այժմեական է: Թեմայի հրատապությունն ակնհայտ է արդեն իսկ նրանով, որ մեր նիստի անվանման մեջ կիրառվող յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր եզրույթ իր մեջ կրում է վերափոխման, խորը կերպարանափոխման հետք: Եկեք այս ամենը քննենք առանձին-առանձին: «Գլոբալ» բառը, որը ժամանակին նշանակում էր համապարփակ, համապիտանի, ընդհանրական, այսօր դյուրին կերպով կիրառվում է ցանկացած տարածաշրջանային մակարդակի այնպիսի երևույթի կամ գործընթացի նկատմամբ, որն անմիջականորեն արտացոլվում է միջազգային ասպարեզում: «Գլոբալ» տեղական ահաբեկչական գործողությունը Մանհեթենում 2001թ.-ին, «գլոբալ» քաղաքացիական պատերազմը Հարավային Սուդանում, «գլոբալ» հաքերային հարձակումը աշխարհով մեկ սոցիալական ցանցի միլիարդավոր օգտատերերին սպասարկող կորպորացիաներից մեկի սերվերների դեմ: Վերջին տարիներին զգալիորեն մեծացել է «գլոբալ» ծավալների հավակնող իրադարձությունների թիվը, կտրուկ ավելացել է «գլոբալ» որոշումների մշակման, ընդունման և իրականացման վրա ազդեցություն գործող տեղական և տարածաշրջանային գործընթացների քանակությունը: Վերափոխվում է նաև «անվտանգություն» հասկացությունը: Այն, ինչի մակարդակը մենք սովոր էինք չափել մոբիլիզացիոն ռեսուրսով, սպառազինության և զինամթերքի որակով ու քանակով, սկզբում ամրոցների, այնուհետև՝ ռազմավարական նշանակության զսպող զինատեսակների հուսալիությամբ, իր բազմագործոնության, անկախատեսելիության և փոխկապվածության շնորհիվ մեկ ակնթարթում վերածվել է ինչ որ անչափելի երևույթի: Վերափոխման է ենթարկվում նաև «աշխարհի բազմակենտրոնություն» հասկացությունը: Ի դեպ, սա ակնհայտ է արդեն իսկ նրանով, որ այս բառով փոխարինվել է նման ֆորումների համար շատ ավելի սովորական դարձած «աշխարհի բազմաբևեռություն» հասկացությունը: Կարծում եմ սա պատահական չէ, քանզի բազմաբևեռությունն ինքնին ենթադրում է հակընդդեմություն, քանի որ բևեռները, ըստ սահմանման, հակընդդեմ են. աշխարհագրության մեջ դա հյուսիս - հարավն է, մաթեմատիկայում ու ֆիզիկայում՝ պլյուսն ու մինուսը: Բազմաբևեռությունը ենթադրում է մեկ առանցքի եզրային, իրար հակառակ կետերի առկայություն: Ընդհանրապես, ինքնին «բազմաբևեռություն» հասկացությունը դիտվում է որպես հակատրամաբանություն – ալոգիզմ, քանզի մտացածին ձևափոխումն է «երկբևեռ» աշխարհի հայեցակարգի, այսինքն՝ աշխարհի, որի առանցքի երկու ծայրերին գտնվում են երկու հակոտնյա: «Բազմաբևեռությունը» արդեն իսկ ենթադրում է միանգամից մի քանի առանցքների առկայություն, որն ակհայտորեն չի արտացոլում 20-րդ դարի և 21-րդ դարասկզբի աշխարհակարգի իրողությունները: Բազմակենտրոնությունը բազմաբևեռությունից տարբերվում է ինչպես երկուսից ավելի ազդեցության կենտրոնների առկայությամբ, այնպես էլ «առանցքի» հայեցակարգի փոխարինմամբ ակներև ցանցային կառուցվածքով: Մենք բոլորս հիշում ենք Ֆրենսիս Ֆուկույամայի առաջ քաշած՝ ժամանակին չափազանց մոդայիկ «Պատմության վերջը» հայեցակարգը, որը հիմնված էր գաղափարական դիմակայության ավարտի պատճառով միջազգային օրակարգի սպառվածության տեսության վրա: Եվ ահա, «բազմակենտրոնության» յուրահատկություններից մեկն այն է, որ նորագույն համաշխարհային պատմության օրակագը շատ ավելի ընդարձակ է, քան Արևմուտքի և Արևելքի գաղափարական հակամարտությունը: «Բազմակենտրոնությունում» հիմնական ծանրությունը ընկնում է ոչ միայն և ոչ այնքան առանձին վերցրած «ցանցի» ներսում գլոբալ դերակատարներից յուրաքանչյուրի ճշգրիտ ազդեցության հաշվարկի, որքան ցանցային կառույցների քանակության վրա, որոնցում դերակատարներից յուրաքանչյուրն ունի N քանակի փոխադարձ կապեր և դրանց համարժեք ռեսուրսների ու ազդեցության մակարդակ: Այսպիսով, «գլոբալ» և «անվտանգություն» հասկացությունների վերափոխումը արմատապես փոխում է բոլոր մակարդակներում դերակատարների փոխհարաբերությունների կառուցվածքը: Ընդ որում, «բազմակենտրոնություն» հասկացությունը, ինքնին բացառում է դերակատարներից որևէ մեկի հաղթանակի հնարավորությունը զրոյական արդյունքով «խաղում»՝ անկախ իր ունեցած կարողություններից և ռեսուրսներից: Փոխգործողության թեմաների բազմազանության ավելացման, հիմնական խաղացողների կազմի ընդլայնման, տեղեկատվության փոխանակման և որոշումների կայացման արագությունների ավելացման պայմաններում միջազգային հանրությունը, այսինքն նրա բոլոր դերակատարները` սկսած պետություններով և վերջացրած քաղաքացիական հասարակության ինստիտուտներով, մամուլով և կորպորացիաներով, համաշխարհային կրոններով և ոչ պաշտոնական միավորումներով, պարզապես «դատապարտված են», այս բառի ամենադրական իմաստով, ներգրավվելու փոխգործակցության մշտական գործընթացում` փոքր, միջին և մեծ արդյունքներով, որոնք ոչ միայն չեն բացառում առաջընթացը և մյուս բոլոր դերակատարների ամրապնդումը, այլև ընդհակառակը՝ հենց դա են ենթադրում: Առաջին տպավորությունն այն է, որ այսպիսի աշխարհակերտվածքը ամենադժվարինը կլինի տեսակարար փոքր կշռով (բնակչությամբ, տարածքով, ռեսուրսներով) երկրների համար: Սակայն այսպիսի պատկերացումը չի հաստատվում իրերի առկա դրությամբ: Ավելին, անցումը երկբևեռությունից բազմակենտրոնության, հավանաբար գլոբալ հանրույթի ամրապնդման և դինամիկ զարգացման գլխավոր երաշխիքն է: Ընդ որում, աճի և դինամիկ զարգացման լայն հնարավորություններ են բացվում ոչ միայն խոշոր, այլև շատ ավելի համեստ խաղացողների համար: Ասվածը կհիմնավորեմ երեք հիմնական փաստարկով:
- «Բազմակենտրոնությունը» կտրուկ կրճատում է զրոյական արդյունքով խաղի հեռանկարները: Այսպիսի արդյունքով խաղում վատագույնն այն է, որ միշտ շահած է դուրս դուրս դերակատարներից միայն մեկը, և ոչ միայն պարտվածը, այլև մնացած բոլորն են մնում ձեռնունայն: «Բազմակենտրոն» աշխարհում բոլորը, թեկուզև տարբեր աստիճանով, կարող են փոխադարձ շահեկան պայմաններով ավարտել «գործարքների» մեծամասնությունը:
- «Բազմակենտրոնությունը» չի ենթադրում բաժանում սև-սպիտակ աշխարհի, և բազմակենտրոն գործարքների ցանցերից մեկում սերտ փոխգործակցությունը չի բացառում դերակատարների այս կամ այն խմբի միջև նույնպիսի սերտ համագործակցություն մեկ այլ ցանցում: Սա բաց է պահում հաղորդակցության և երկխոսության ուղիները՝ միջազգային հանրության բոլոր մասնակիցների համար ձևավորելով բազմաթիվ «հարմարավետության գոտիներ»:
- Եվ վերջապես, «բազմակենտրոնությունը» գործընթացը չի դարձնում նպատակի պատանդ: «Բազմակենտրոնությունը» տեղեկատվությամբ, հմտություններով և ռեսուրսներով փոխանակման միջոցով փոխադարձ հարստացման գործընթաց է ենթադրում: