«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մտահոգված է. «Ազատություն»
Փարիզում տեղակայված «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Հայաստանում մամուլի ազատությունը սահմանափակող վերջերս ընդունված օրենսդրական փոփոխությունների առնչությամբ: «Մենք մտահոգված ենք Հայաստանում մամուլի ազատության նվազման միտումով և կոչ ենք անում խորհրդարանին վերանայել վերջին օրենսդրական նախաձեռնությունները, որոնք սահմանափակում են տեղեկատվության մատչելիության իրավունքը և խոչընդոտում են լրագրողների աշխատանքը»,- ասել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիհրը․- «Իշխանությունները պետք է նաև ամբողջական և անաչառ հետաքննությունն անցկացնեն՝ լրագրողների նկատմամբ բռնությունների գործերով և վերջ դնեն նման գործերի դեպքում անպատժելիությանը»: Կազմակերպության հայտարարությունում շեշտվում է․- «Մինչ առաջին անգամ խորհրդարանի կողմից ընտրված Արմեն Սարգսյանը պատրաստվում է ապրիլի 9-ին ստանձնել նախագահի պաշտոնը, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը շեշտում է, որ Հայաստանի կառավարության հիմնական խնդիրը պետք է լինի «դադարեցնել մամուլի ազատության անկումը»: Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում: