«Շքեղ շինությունների փոխարեն ՀՀ-ին պետք է ռազմարդյունաբերություն»
Համաշխարհային քաղաքական գործընթացները փոփոխվում են` նորանոր մարտահրավերներ առաջադրելով մարդկությանը: Պետություններն ու ազգերը պետք է կարողանան կանխատեսել վտանգավոր զարգացումները և դրանց դիմակայելու, հաղթահարելու միջոցներ ստեղծեն: Միջպետական հարաբերություններում չեն լինում մշտական բարեկամներ կամ մշտական թշնամիներ. կան ազգային-պետական շահեր, որոնք էլ թելադրող են ներպետական և միջպետական հարաբերություններում: Հայաստանն այսօր պատրաստ չէ իր առջև ծառացած մարտահրավերներին. Հայոց պետությանը բաժին հասած մարտահրավերներին դիմակայելու համար պե'տք է հաղթահարել պարտադրված տնտեսական քաղաքականության իներցիան: Սպասարկման ոլորտի բազմաթիվ ու անհասկանալի շքեղ շինությունների փոխարեն Հայաստանին պետք է ռազմարդյունաբերության ներուժ ապահովող տնտեսություն՝ երբեմնի արտադրական հզոր միավորները պետք է վերագործարքվեն, աճուրդով վաճառելու և փոշիացնելու փոխարեն զուգահեռաբար նոր ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած արտադրական միավորներ ստեղծել։ Ողջունում ենք «Հայ մասնագետների խորհրդի» ստեղծումը`այս կառույցի աշխատանքին աջակցելու և մասնակցելու միտումով: Հայ գիտնականների, ինժեներների, գործարարների ջանքերի միավորումը հնարավորություն կտա հաղթահարել երկրում առաջացած տնտեսական ճգնաժամը, կասեցնել արտագաղթը, ապահովել ներգաղթի համար անհրաժեշտ աշխատատեղեր, հաղթհարել սոցիալական լարվածությունն ու բևեռացվածությունը: «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդ 09.04.2018թ.