Այդ ի՞նչ քանդակ դրեցին Վատիկանում, ամոթ է. Լևոն Թոքմաջյան (տեսանյութ)
Վերջին տարիների ընթացքում մշակութային կյանքում տարբեր քաղաքականություններ են տարվել։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեցին Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը և Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը։ «Այս 10 տարիների ընթացքում մշակույթի հանդեպ տարբեր քաղաքականություններ են տարվել միգուցե ելնելով նրանից, որ տարբեր վարչապետներ են եղել։ Կարծում եմ՝ որևէ նախագահ, որևէ վարչապետ կամ նախարար չի կարող տաղանդավոր մարդ ծնել։ Ամբողջ խնդիրը տաղանդներին բացահայտելն է, ստեղծել համապատասխան պայմաններ, որպեսզի այդ տաղանդները կարողանան ստեղծագործել»,-նշեց Ռուբեն Բաբայանը։ Ռուբեն Բաբայանը վերջին 2 տարիների ընթացքում վտանգավոր միտում է տեսնում արվեստի ոլորտում։ Մշակույթը սկսվում է ընկալվել զուտ որպես ժամանց և ժամանցի օրենքներով է սկսում դատվել. «Վաճառվեց ապրանքը՝ լավ է, չվաճառվեց՝ լավ չէ։ Սա վտանգավոր սկզբունք է և պետք է բարեփոխումներ անել։ Չի կարելի որպես բարեփոխում ընդունել միայն ֆինանսների կրճատումը։ Ֆինանսների կրճատումը մշակույթի, կրթության և գիտության մեջ միայն ֆինանսների կրճատում է, այլ ոչ թե բարեփոխում»։ Նկարիչ Լևոն Թոքմաջյանը հույսը կապում է Սերժ Սարգսյանի հետ։ «Սերժ Սարգսյանն ընդունակ մարդ է։ Բոլորիս հայտնի է, որ նա անպատճառ վարչապետ կլինի։ Նա եթե ուզենա, կարող է շատ բան փոխել։ Բայց քանի որ այսօր ժողովուրդն ու պետական մարմինները տարանջատված են իրարից, մենք ինչ էլ անենք միևնույն է, ոնց որ ջուր ծեծենք»։ Լևոն Թոքմաջյանն անդրադառնալով Նարեկացու՝ Վատիկանում տեղադրված արձանին՝ այն ամոթալի համարեց։ «Այդ ի՞նչ քանդակ դրեցին Վատիկանում, ամոթ է։ Դա ի՞նչ մուրացկանի կերպար է, ո՞նց կարելի է Սուրբ գիրքը ոտքերի մոտ դնել, Սուրբ գիրքը պետք է նա գլխի վերևը պահեր։ Կերպարը ոնց որ կույր «բոմժի» կերպար լինի։ Սա՞ է Նարեկացու համաշխարհային ճանաչումը։ Այստեղ մեր իշխանության թուլությունն է նաև, որովհետև ճարպկությունն ուրիշ բան է, բայց կերպարի մեջ մխրճվելու կարողությունը լրիվ ուրիշ բան է։ Ըստ նրա՝ արձանի քանդակագործ Դավիթ Բաբայանը քանդակագործ էլ չէ, նրա՝ Փարիզում ապրելու տարիներին Էդվարդ Նալբանդյանը դեսպան էր, և Լևոն Թոքմաջյանը ենթադրում է, որ այնտեղ հարաբերություններ են ստեղծվել քանդակագործի և Էդվարդ Նալբանդյանի միջև, որի շնորհիվ էլ հենց այդ արձանն է տեղադրվել Վատիկանում։