Փակ նիստը լայն օրակարգ ուներ (տեսանյութ)
Այսօր կառավարության առաջին դռնփակ նիստում հավանություն է տրվել 3 ներդրումային ծրագրի: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը ճեպազրույցում նշել է, որ դրանց ընդհանուր արժեքը կազմել է 21,5 միլիարդ դրամ, որի արդյունքում կստեղծվի 475 աշխատատեղ: Կառավարության նիստին քննարկվել է նաեւ ադամանդների մշակման և չմշակման լիցենզավորումը ծանուցմամբ փոխարինելու գործընթացը, զբոսաշրջության ոլորտում վիճակագրության նոր համակարգ են առաջարկել, ինչը մեծ հնարավորություն կտա ավելի հասցեական, տարիքային եւ այլ չափանիշների հիման վրա հաշվառել Հայաստան այցելած զբոսաշրջիկներին: Լրագրողները նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվեցին, թե ինչպես անցավ առաջին փակ նիստը, արդյո՞ք ավելի անկաշկանդ էին: Նախարարը նշեց, որ օրակարգում 73 հարց է քննարկվել: «Բավականին բուռն քննարկում եղավ: Խնդիրը չի կայանում նրանում , որ ավելի ազատ էինք արտահայտվում, սովորաբար միշտ ազատ ենք արտահայտվել, բաց ու թափանցիկ ենք, խնդիր չկա, ուղղակի այսօր մեծ օրակարգով նիստ էր»,- նշեց Սուրեն Կարայանը: