«Մերժիր Սերժին» ակցիան տեղափոխվեց բանուկ փողոց (տեսանյութ)
19,30 Ավտոերթի մասնակիցները միացան ակցիայի մասնակիցներին Մաշտոցի պողոտայում։ Քաղաքագետ Դավիթ Սանասարյանը հայտնեց, որ ըստ իր տեղեկությունների, ցուցարարներն արդեն ազատ են արձակվել։ Նա նաև տեղեկացրեց, որ միջոցառումն Ազատության հրապարակում ոչ թե ավարտվելու, այլ միայն նոր սկսելու է։ 19.11 «Իրազեկ քաղաքացիների միավորման» հկ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը նշեց, որ քաղաքացիներին բերման են ենթարկում, առանց իրենց իրավունքների մասին տեղյակ պահելու։ Վերջինս դիմեց Վալերի Օսիպյանին, որպեսզի դադարեցվեն նման գործողությունները, քանի որ նրանք իրավունք ունեն տեղեկացված լինել իրենց կարգավիճակների մասին։ Վալերի Օսիպյանը նշեց, որ նրանց բերման չեն ենթարկել, այլ օրենքի սահմանում հեռացրել են։ Ացիայի մասնակիցներին ոստիականական մեքենաներից ազատ են արձակում, սակայն վերջիններս հրաժարվում են դուրս գալ՝ պահանջելով, որ իրենց տանեն այնտեղ, որտեղից, որ նստեցրել էին ոստիականական մեքենաներ։ 18.55 Քիչ առաջ լրագրողներին հաջողվեց զրուցել ոստիկանական մեքենայում գտնվող ակտիվիստներից մեկի հետ, որը նշեց, որ իրենց բերման չեն ենթարկել, պարզապես պահում են ոստիկանական մեքենաների մեջ։ Ոստիկանները չեն պատասխանում նրանց հարցերին, չգիտեն դեռ ինչքան են մնալու այնտեղ։ Նրանց չեն թողնում միանալ մյուս ակտիվիստներին։ Ցուցարարները լուսացույցի կանաչ լույսի ժամանակ հավաքում են թռուցիկները, նշելով, որ իրենք իսկզբանե մտադիր չէին աղտոտելու փողոցը և հավաքելու էին, բայց, քանի որ բերման ենթարկեցին մի քանիսին, չհասցրին հավաքել։ 18 47 Ակցիայի մասնակիցները նշում են, որ նրանց ընկերները ոստիկանական մեքենաների մեջ են և նրանց բերման են ենթարկում։ 18 .45 Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց՝ գործողություններն անօրինական են։ «Դրանով վտանգում եք ձեր կյանքը։ Հորդորում եմ դադարեցնել ու ազատել ճանապարհը։ Հակառակ դեպքում՝ ոստիկանությունը օրինական կարգով կարգի կհրավիրի ձեր անօրիանական գործողությունները»։ Անդրադառնալով վրաերթին՝ Վալերի Օսիպյանը նշեց, որ իրենք մոտակայքում չեն եղել վրաերթի պահին, բայց եթե կա պետհամարանիշ, ոստիկանությունը պատրաստ է գործողություններ անել։ Ոստիկանները գործողություն են կատարում, փորձելով տարածքից հեռացնել ակցիայի մասնակիցներին։ Ոստիկանները պատ կազմեցին մայթեզրին։ Այս պահին ճանապարհի երթևեկելի մասը բաց է։ 18.35 Ոստիկանները միայն վրանն են հեռացրել, բայց այս պահին ոստիակնների կողմից ոչ մի գործողություններ չկան։ Ոստիկանները միայն իրազեկեցին, որ ակցիայի մասնակիցների քայլերն անօրինական են։ Ակցիայի մասնակիցները հորդորում են վարորդներին միացնել ազդանշաններն ու միանալ իրենց։ ................ Երևանի Ֆրանսիայի հրապարակում «Մերժի՛ր Սերժին» և «Քա՛յլ արա» նախաձեռնության անդամները ժամը 18։00-ի սահմաններում վրան էին տեղադրել։ Ոստիկաններն այն հեռացրին, սակայն ակցիայի մասնակիցներն այդքանով չսահմանափակվեցին և նստեցին ճանապարհի հետիոտնային անցումի վրա՝ փակելով Ֆրանսիայի հրապարակին հարակից Մաշտոցի պողոտան։ Մաշտոցի պողոտան այս պահին խցանված է։ Մասամբ խցանված է նաև Բաղրամյան պողոտան։ Վարորդներից մեկը վրաերթի ենթարկեց մասնակիցներից մեկին։ Մասնակիցները «Մերժիր Սերժին» թռուցիկներ էին բաժանում։ Քիչ ուշ ավտոերթի տեսքով ուրիշ ակցիա էլ սպասվում է Բրազիլիայի հրապարակում։