Live. Ցուցարարները շարժվում են դեպի Ազատության հրապարակ (տեսանյութ)
18:17 Հաշված րոպեներ անց երթը մուտք կգործի Ազատության հրապարակ, որտեղ Նիկոլ Փաշինյանը ծրագրային ելույթ կունենա: Ազատության հրապարակն այս պահին բազմամարդ է: «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները եւս այստեղ են եւ սպասում են Նիկոլ Փաշինյանին: 17:58 Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ շարժվեց դեպի Ազատության հրապարակ: Ճանապարհին Փաշինյանը կոչ արեց քաղաքացիների միանալ իրենց, գալ Ազատության հրապարակ եւ տեր կանգնել հայրենիքին: Ակցիայի մասնակիցները «Քայլ արա, Մերժիր Սերժին» վանկարկումներով իրազեկեցին հավաքվել Ազատության հրապարակում, որտեղ ժամը՝ 18:30-ին կմեկնարկի հանրահավաքը, ընդդեմ Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետի: Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, որ լավ լուր ունի հայտնելու, նրանք 30 ծխաջահ են նվեր ստացել: ------------------- ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը դուրս չեկավ իր աշխատասենյակից, հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ, չնայած որ Փաշինյանը հասել էր նրա աշխատասենյակի մոտ։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ իր կողմնակիցների հետ մուտք գործեց ԵՊՀ։ Ակցիայի մասնակիցները հրմշտելով մուտք գործեցին ԵՊՀ կենտրոնական մասնաշենք։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԵՊՀ-ում ակցիա կատարելու պատճառը համալսարանի քաղաքականացվածությունն է։ «Մենք այս ակցիան արել ենք մի պատճառով. երկար տարիներ ԵՊՀ-ն վերածվել է մաֆիոզ խմբավորման որջի, ԵՊՀ խորհրդի նախագահ հանդիսացող Սերժ Սարգսյանը ստրկացում է այստեղի ուսանողներին։ Մենք այստեղ մտել ենք, քանի որ ՀՀ քաղաքացիների ազատագրման ժամը եկել է։ Մենք ՀՀ քաղաքացիներին ազատելու ենք սերժահանրապետական ստրկությունից։ Ես կարծում եմ այս դասը պրն Սիմոնյանին հերիք է»։ Ակցիայի մասնակիցները «դասադուլ» վանկարկումներով դուրս եկան ԵՊՀ շենքից՝ կոչ անելով բոլորին 18։00-ին լինել Ազատության հրապարակում։ «Իմ քայլը» նախաձեռնությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ԵՊՀ-ից դուրս գալով շարժվեցին դեպի Չարենցի արձանի մոտ։ Այժմ նրանք այգու շրջակայքում հանգստանում են երեկոյան հանրահավաքի համար։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԵՊՀ-ում ռեկտոր Արամ Սիմոնյանին հանդիպելու համար մեծ էներգիա ծախսեցին։ Հիշեցնենք, որ ցույցի մասնակիցները ներխուժեցին Երևանի պետական համալսարան՝ պահանջելով հանդիպում ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ։ Չնայած նրանք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հասան ընդհուպ ռեկտորի աշխատասենյակ՝ նա դուրս չեկավ հանդիպելու որևէ մեկի հետ։ Ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության հանրահավաքն այսօր նախատեսված է 18։30-ին Ազատության հրապարակում։