Դեսպանի հետ անդրադարձ է կատարվել սիրիահայերի հիմնախնդիրներին
Ապրիլի 13-ին Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմին: Ողջունելով դեսպանին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ հայ-սիրիական հարաբերությունները նրա պաշտոնավարման ընթացքում ավելի կզարգանան: Նախարարը կարևորեց երկու երկրների միջև տնտեսական, մշակութային կապերի ակտիվացումը: Անդրադարձ կատարվեց սիրիահայերի հիմնախնդիրներին, գերատեսչության պետական քաղաքականությանը, առաջիկա ծրագրերին: Սիրիայի դեսպանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանը՝ այն օգնության ու աջակցության համար, որ ցուցաբերվում է սիրիահայերին: Նա նշեց, որ Սիրիական կառավարությունը ևս ցանկանում է ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի հետ, քայլեր են ձեռնարկել այդ ուղղությամբ, մասնավորապես՝ համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ սիրիական արտադրանքի մշտական գործող ցուցահանդես-տոնավաճառներ բացելու վերաբերյալ: Դեսպանը պատրաստակամություն հայտնեց առավել սերտորեն համագործակցել Սփյուռքի նախարարության հետ: