Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

LIVE. Հավաքվածները Նիկոլ Փաշինյանի ելույթին երկար չսպասեցին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nkar1

20.20  Հավաքվածները Նիկոլ Փաշինյանի ելույթին երկար չսպասեցին.

«Վերջին երկու օրերին ձեզ հաջողվեց վերջնականորեն  բեկել ներքաղաքական իրավիճակը Հայաստանում, այն ինչ տեղի ունեցավ մեր մարզային այցելությունների ընթացքում ակնհայտ դարձրեց, որ թավշյա, ոչ բռնի հեղափոխության հաղթանակն անշրջելի է»,- ասաց պատգամավորը:

«Ազգային ժողովի երեք խմբակցություններ հայտարարել են, որ 1-ին մեկին քվեարկելու են ժողովրդի թեկնածուի օգտին,  «Հանրապետական» խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու, ինչը նշանակում է, որ հանրապետականների մի մասը կարող է կողմ քվեարկել ձեր թեկնածուի օգտին»:

Ըստ Փաշինյանի Հայաստան անունը վերջին օրերին միջազգային մամուլում ավելի շատ է շրջանառվել, քան վերջին քսան տարիների ընթացքում ու միայն դրական լույսի ներքո, պատգամավորի կարծիքով սա  շարժման կազմակերպվածության շնորհիվ էր:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Ռուսաստանի պետական Դումայի անդամների հետ հանդիպմանը՝ շեշտելով, որ այն արդյունավետ է եղել.

«Մենք զարգացնելու ենք մեր հարաբերությունները աշխարհի բոլոր կողմերի հետ»:

Պատգամավորը ներկայացրեց նաև վաղվա անելիքները.

«Վաղը առավոտից ես շատ կարևոր աշխատանք ունեմ ԱԺ-ում, պիտի հանդիպեմ բոլոր խմբակցությունների հետ, որ վաղը երեկոյան ձեզ ասեմ՝վարչապետի թեկնածուի ընտրությունը երաշխավորված է, վաղը նորից դադար ենք վերցնում և քաղաքացիական անհնազանդության գործողություններ չենք իրականացնի, որ մեր թիմով կարողանանք աշխատել»:

Նիկոլ Փաշինյանն իր համակիրներին կոչ արեց այլևս Հանրապետական պատգամավորներին չզագնել և հաղորդագրություններ չուղարկել:

Փաշինյանը վաղը 17:00-ին կլինի Գարեգին Նժդեհի հրապարակում, որտեղից էլ կմեկնարկի երթ դեպի Հանրապետության հրապարակ.

«Հենց այստեղ կներկայացնեմ հանդիպումների արդյունքները»:

Հանրահավաքի ելույթների մասն ավարտվեց: Հիմա համերգ է:

19 59  Դերասան Հայկ Մարությանը այսօր էլ է հարթակում, նա էլ ողջույնի խոսք ուղղեց.

«Երբ մենք այցելեցինք մարզեր, տեղում տեսանք, որ սա համահայկական պրոցես է, այս երկու օրերի ընթացքում տեսել եմ միայն ուրախ, հավատով ու ժպիտով մարդկանց, մարդիկ հասկացել են, որ սա այն պատմական պահն է, որ մենք սկսում ենք առաջ շարժվել»:

19.55  Ազգային ժողովի պատգամավոր Արարատ Միրզոյանը նույնպես խոսք ուներ.

«Բոլոր ոլորտներում հինը դիմադրում է առաջադիմությանը, նույնը մեր մոտ եղավ և այդ դիմադրությունը սկսեց վնասել մեր պետությանը, հենց դա ի նկատի ուներ Նիկոլը, երբ ասում էր, որ վարչապետ միայն ինքը պետք է ընտրվի»:

Պատգամավորը ողջունեց բոլոր քաղաքական ուժերի՝ Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստակամությունը:

«Կան բազմաթիվ լավ մասնագետներ բոլոր օղակներում, որոնք պիտի շարունակեն ծառայել Հայաստանի Հանրապետությանը, քաղաքական վենդետաներ չեն լինելու»,- ասաց Արարատ Միրզոյանը:

19.45  Հաջորդ ելույթը կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանինն էր.

«Եթե Հայաստանում չլինեի, չէի իմանա թե ինչ եք անում, ձեր նկարները դրսից տեսնում էինք, բայց ձեր աչքերը՝ ոչ, շնորհավորում եմ ձեզ, ձեր հեղափոխությունը դուք կատարեցիք, ձեր քայլով, ձեր ձայնով, ձեր մասնակցությամբ»:

Արսինե Խանջյանն առաջարկեց հեղափոխությանը անուն տալ՝ ժպիտի հեղափոխություն:

«Եթե Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց ու ասեց, որ սխալ էր, Նիկոլը ճիշտ էր, հետևաբար Հանրապետականը պիտի հարգի իր լիդերի խոսքը, յուրաքանչյուր հանրապետական պիտի ընդունի, որ ժողովուրդը հավատաց Նիկոլ Փաշինայնին»,- իշխանություններին դիմեց դերասանուհին:

Արսինե Խանջյանը հավաքվածներին խնդրեց ուշադիր հետևել Նիկոլ Փաշինյանի գործունեությանը՝ նրա տված խոստումների իրականացմանը ականատես լինելու համար:

19.36 Կարճ հայտարարությամբ հանդես եկավ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը.

«Մայիսի մեկին, երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ բոլորս մի մարդու նման պիտի վճարենք կոմունալները, դա շատ կարևոր է»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հենց նա էր համակիրներին առաջարկել ի նշան բողոքի կոմունալ վճարումներ չկատարել:

19.2o  Խոսափողը փոխանցվեց Երևանի ավագանու անդամ Զարուհի Բաթոյանին.

«Արտահերթ ընտրությունների ժամանակ պետք է այսպես միահամուռ գնանք ընտրությունների, որպեսզի փակենք այն մարդկանց բերանները, որոնք կասկածում են մեր իրավագիտակցությանը»:

Երևանի ավագանու անդամը շեշտեց, որ ամեն բան կախված է յուրաքանչյուր քաղաքացու ձայնից:

19. 10 Հանրահավաքը մեկնարկեց նախատեսված ժամին։ « Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը ներկայացրեց շարժմանը միացած համայնքների և կազմակերպությունների ցանկը: 18.40 Հանրապետության հրապարակն արդեն մարդաշատ է. Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը քիչ առաջ հրապարակ հասավ: 19:00- ին կմեկնարկի «Իմ քայլը» նախաձեռնության հերթական հանրահավաքը: Ընդդիմադիր պատգամավորն այսօր հայտնել էր՝ այս հանրահավաքը շատ կարևոր է լինելու: 17.03 Նիկոլ Փաշինյանը միացավ Ֆրանսիայի հրապարակի ցուցարարներին։ Նրանք Իմ քայլը շարժման առաջնորդին դիմավորեցին Նիկոլ-Նիկոլ վանկարկումներով։ 16.04  Երևանի տարբեր փողոցներ փակած և երթ անցկացրած խմբերից շատերն այս պահին  մտնում են Հանրապետության հրապարակ։  Իսկ Ֆրանսիայի հրապարակում ցուցարարները սպասում են Նիկոլ Փաշինյանին։ Նա հայտարարել է, որ ժամը 17.00-ին Ֆրանսիայի հրապարակից երթ է լինելու դեպի Հանրապետության հրապարակ։ Նիկոլ Փաշինյանը նաև ասել է, որ  16:00-ին ապաշրջափակելու են  բոլոր ճանապարհները, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան հասնել հրապարակ։  Ժամը 19.00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաք։ 14.55 Արսինե Խանջյանը միացել է Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկը փակած ցուցարարներին: Նա նշեց, թե իր բառերը չեն բավականացնում, որ պատմի այս օրերին ունեցած զգացողությունների մասին: Ասում է մինչ ՀՀ ժամանելն էլ տեղից էր հետևում բոլոր իրադարձություններին: «Բայց հանդիպելը, մարդկանց աչքերը տեսնելը, ոգևորությունը զգալն ամենամեծ նվերն է, որ կարող էի ստանալ իմ ազգի ու ժողովրդի կողմից: Կցանկանամ շնորհակալություն հայտել նրա համար, որ իրականացրիք անկախության հոգին ու ապագան: Երիտասարդությունն է մեր ապագան»,- ասաց նա: Դերասանուհին նշեց, թե իր համար անհավատալի էր, որ իրադարձություններն այս հունով կզարգանային։ 13.37 Ուսանողները փակել են Ֆրանսիայի հրապարակը։ Ազատ տարածքում նրանց մի խումբը զբաղված է սկավառակ նետելով, ոմանք հեծանիվ են քշում, ոմանք էլ հայկական երգեր են երգում՝ ասֆալտին նստած։ Մի քանի ժամից նրանք կշարժվեն դեպի Հանրապետության հրապարակ։ Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում ցուցարարների հետ բանավիճում են ավտոմեքենաների վարորդները և ուղևորները, որոնք դժգոհում են փակված ճանապարհներից։ Նրանք պահանջում են բացել ճանապարհը։ Իսկ ցուցարարները համոզում են նրանց միանալ իրենց, որպեսզի վերջնական հաղթանակի հասնեն։  13.24 Այս պահին բոլոր կողմերից փակվեց նաև Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկը։ Մարդիկ իրենց մեքենաներով  էլ են փակել այն։  13.14 Ամբողջ Երևանով մեկ ակցիաներ են տեղի ունենում։ Ցուցարարներն արդեն բազմաթիվ փողոցներ են փակել։ Բոլոր տեղերում մասնակիցները վանկարկումներով երթեր են իրականացնում։ Ուսանողները բոլոր կողմերից ամբողջովին փակել են Բժշկական համալսարանի դիմացի տարածքը՝ Աբովյան-Կորյուն խաչմերուկը:  Մարդկանց խմբեր են կուտակվում Հանրապետության հրապարակում։ 13.00 Ուսանողների մի փոքր խումբ ցանկանում է փակել Բաղրամյան- Սայաթ Նովա խաչմերուկը։ Դա նրանց առայժմ այնքան էլ չի հաջողվում, փոխարենը՝ Թումանյան-Մաշտոց խաչմերուկն ամբողջովին փակ է։  12.37  «Ազատ, անկախ ուսանող», «Միացեք», «Մենք ենք տերը մեր երկրի», «ՀՀԿ հեռացիր» կարգախոսներով ուսանողների խումբը փակել է Աբովյան- Կորյուն խաչմերուկը։   «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը տեղեկացրեց, որ Մայր բուհի ռեկտորական կազմը փորձում է ճնշում կիրառել ակցիաներին մասնակցող ուսանողների և դասախոսների նկատմամբ։ «Մեզ մոտ արդեն արմատավորվել է,  և մենք զգում ենք, որ հաղթանակը շատ մոտ է, բայց մի քանի կարևոր հարցեր կան, որ ուսանողներով պետք  է շեշտենք: Առաջինը բուհերի ապակուսակցականությունն է»,- ասաց նա, հավելելով. «Մենք կարծում ենք, որ բուհում կուսակցական անձի ներկայացվածությունը բացասական ազդեցություն է ունենալու բուհի ինքնիշխանության, կրթության որակի վրա։ Շատ կարևոր է, որ համալսարանում ազատ խոսքը, միտքը չհետապնդվի: Կուրսի ավագները ոչ թե պետք է զբաղվեն դեկանատի հրամաններն իրականացնելով, պարզելով, թե կուրսում ով է ուրիշ բաներ խոսում, այլ պետք է իրենց պարտականությամբ զբաղվեն»,- ասաց նա: Նա նշեց, որ համալսարանում պետք է լինի նորմալ կրթական, ակադեմիական մթնոլորտ, այլ ոչ համալսարանը լինի գաղջ, տխուր, հիասթափեցնող ինչ-որ մի խումբ մարդկանց շահերը սպասարկող ինչ-որ կառույց: 
12.00 Ժամը 12-ից արդեն փակ են Երեւանի մի շարք կենտրոնական փողոցներ։ Փակ են Հանրապետության հրապարակի բոլոր մուտքերը, Մաշտոցի պողոտան, Ամիրյան փողոցը, Ազատության պողոտան։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ ժամը 12-16-ը փակելու են փողոցները։ Ինքը՝ Փաշինյանը այսօր երթ է իրականացնելու, ժամը 17:00-ից Ֆրանսիայի հրապարակից քայլելու են դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 19:00-ին տեղի է ունենալու  հանրահավաք։ Ի դեպ. Մելիք Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ գրասենյակը շրջափակված է ոստիկաններով։