Մաքսիմ Մանուկյանը եւ Արթուր Ալեքսանյանը մտել են կիսաեզրափակիչ (տեսանյութ)
Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր մրցագորգ մտած մեր հունահռոմեական չորս ըմբիշներից ոսկե մեդալի համար պայքարը կշարունակեն երկուսը՝ Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։ Աշխարհի գործող չեմպիոնը նախնական փուլերում հաղթեց խորվաթ Բոզո Ստարցեւիչին ու բուլղարացի Դանիել Ալեքսանդրովին եւ մտավ կիսաեզրափակիչ: Այդ փուլում նա կհանդիպի հունգարացի Լասլո Սաբոյի հետ: Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նույնպես մտավ կիսաեզրափակիչ՝ իրար հետեւից հաղթելով Իսրայելը ներկայացնող հայազգի Ռոբերտ Ավանեսյանին եւ հույն ըմբիշ Լեոկրատիս Կեսիդիսին: Մեր դյուցազնի հաջորդ մրցակիցը ֆինն Մատի Կուսմանենն է: Կիսաեզրափակիչ փուլի մրցամարտերը կկայանան այսօր երեկոյան: Հայաստանի մյուս երկու ըմբիշները՝ Արմեն Մելիքյանը (60 կգ) եւ Կարեն Ասլանյանը (67 կգ), չկարողացան հաղթահարել քառորդ եզրափակիչ փուլի արգելքը եւ դուրս մնացին ոսկե մեդալի համար պայքարից: Առաջինը 4:12 հաշվով պարտվեց Վրաստանի ներկայացուցիչ Դատո Չխարտիշվիլուն, իսկ երկրորդը զիջեց ռուսաստանցի Արտյոմ Սուրկովին՝ 3:6: