Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատանի հրշեջ-փրկարարների 12 թիմեր մրցել են հանրապետական առաջնությունում

Պաշտոնական
AIN1

Մայիսի 10-ին ՀՀ ԱԻ նախարարությունն անցկացրել է պատանի հրշեջ-փրկարարների հանրապետական մարզական առաջնություն: Միջոցառումն անցկացվում էր Երևանի «Հայաստան» մարզական միության սպորտային հրապարակում: Մասնակցում էին Երևան քաղաքի պատանի հրշեջ-փրկարարների մարզական առաջնության առաջին երեք տեղեր զբաղեցրած թիմերը և ՀՀ մարզերի հավաքական թիմերը` ընդհանուր 12 թիմ: Պատանի հրշեջ-փրկարարական մարզաձևի հանրապետական առաջնության հիմնական նպատակներն են`

  • զարգացնել երիտասարդ սերնդի ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածությունը՝ արտակարգ իրավիճակներում ճիշտ և արագ կողմնորոշվելու, գործնական գիտելիքներ ձեռք բերելու, առողջ ապրելակերպ վարելու հարցերում.
  • ձևավորել պատասխանատվություն և գիտակից վերաբերմունք աճող սերնդի մոտ` հասարակական և անձնական անվտանգության հարցերի նկատմամբ.
  • պատանի հրշեջ-փրկարարական թիմերին հաղորդել  գործնական հմտություններ.
  • խթանել հրշեջ-փրկարարական մարզաձևի զարգացումը:
  ՀՀ օրհներգի հնչյունների ներքո բարձրացվեց Հայաստանի դրոշը և հայտարարվեց մրցաշարի հանդիսավոր բացումը: Անհատական և թիմային առաջնությունն անցկացվում էր հետևյալ մարզաձևերում.
  • ձգումներ կախ դրությունից՝ պտտաձողի վրա,
  • հրում հատակից՝ պառկած դրությունից,
  • փոխանցումավազք 4 x 400 մ,
  • մարտական հագուստ-հանդերձանքի հագնում,
  • համալիր վարժություն:
  Առաջնությանը մասնակցող թիմերի անձնակազմերի բժշկական անվտանգությունն ապահովում էին ՀՀ ԱԻՆ Աղետների բժշկության կենտրոնի՝ տեղում հերթապահություն իրականացնող մասնագետները:   Մրցաշարի ընդհանուր արդյունքներով՝ պատանիների հրշեջ-փրկարարական հանրապետական մարզական առաջնության առաջին տեղը գրավեց Արարատի մարզի հավաքական թիմը, իսկ Լոռու մարզի և մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի թիմերը զբաղեցրին համապատասխանաբար` երկրորդ և երրորդ հորիզոնականները: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին դիպլոմներով, իսկ մյուս մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր:   ՀՀ ԱԻ նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը հանրապետական մարզական առաջնության միջոցով ընտրված  և լավագույն արդյունքներ ցուցաբերած պատանիների ու աղջիկների հետ անցկացնելու է նախապատրաստական մարզումներ (հրշեջ կիրառական, փրկարարական և ֆիզիկական պատրաստության, առաջին բուժօգնության պարապմունքներ)` Բելառուսի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում անցկացվելիք պատանի հրշեջ-փրկարարների միջազգային մրցաշարերին Հայաստանը ներկայացնելու համար:   Նշենք, որ հանրապետությունում պատանի հրշեջ-փրկարարների և կամավորական շարժումների զարգացման նպատակով 2013թ. մինչ օրս 200 և ավելի աշակերտներ ունեցող հանրակրթական դպրոցներում ստեղծվել է 11-17 տարեկան 4991 աշակերտներից բաղկացած 582 հրշեջ-փրկարարական  պատանեկան թիմ: