Ուսանողները լուծումներ են փնտրում կրթական համակարգը բարելավելու համար (տեսանյութ)
Ավելի քան 13 կրթական հաստատությունների ուսանողներն այսօր կրկին հավաքվել էին ԵՊՀ-ում։ Այս անգամ ոչ թե քաղաքացիական անհնազանդության երթ անցկացնելու, այլ բուհերի կրթական խնդիրները քննարկելու։ «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը վստահ է, որ հեղափոխությունից հետո ստեղծված դրական էներգիան հնարավոր է օգտագործել ուսանողական զարթոնքը աշխատանքային ճանապարհի վրա դնելու համար և լուծել բուհական տարբեր խնդիրներ՝ ֆինանսական խնդիրներից մինչև բուհերի թափանցիկ կառավարումը։ Ուսանողներին ամենից շատ հուզող հարցերից էր դեռևս նախորդ տարվանից բուռն քննարկման թեմա դարձած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով սահմանափակվում է տարկետման իրավունքը։ Ուսանողական քննարկման մասին իմանալով եկել էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը։ «Պետք է ամեն ինչ անենք, որ արագ լուծվի բարձրագույն կրթության մասին նոր օրենքի ընդունումը, դրանից հետո արդեն, օրենքի հնարավորությունների սահմաններում ամեն ինչ կանենք, որ նոր իրավիճակ ստեղծվի»,-ասաց Արայիկ Հարությունյանը։ Ավելին՝ տեսանյութով։