Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետական մաղթանք Երկրապահի օրվա առիթով (տեսանյութ)

Պաշտոնական
08.12hjh

Մայիսի 12-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Երկրապահի օրվա առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց Հանրապետական մաղթանք: Ներկաներն աղոթք բարձրացրեցին Հայաստան աշխարհի խաղաղության, անսասանության և բարօր կյանքի համար: Արարողությանը ներկա էին Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ԵԿՄ վարչության անդամներ, մարզային խորհուրդների ու տարածքային բաժանմունքների ներկայացուցիչներ և պատանի երկրապահներ:          Մինչ Հանրապետական մաղթանքը ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ.Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ողջունելով ներկաներին և շնորհավորելով Երկրապահի օրվա առիթով, ի մասնավորի նշեց. «Տարիներ առաջ էր, երբ Երկրապահ Կամավորական Միության դիմումին ընդառաջ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սկիզբ դրվեց Երկրապահի օրվա առիթով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կամարների ներքո ընդհանրական աղոթք մատուցելու գեղեցիկ ավանդույթին: Այսօր ևս համախմբվել ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` մեր հարգանքը և խոնարհումը մատուցելու հայրենյաց պաշտպանության նվիրական գործին լծված երկրապահներին, աղոթելու զոհված ազատամարտիկների հոգիների հանգստության և խաղաղության, ինչպես նաև պատերազմի արհավիրքը վերապրածների քաջառողջության և կենաց արևշատության համար»: Հանարապետական մաղթանքի արարողությունը նախագահեց Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:    Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բաշխելով ներկաներին, փառք բարձրացրեց առ Աստված, որ շնորհիվ հայոց քաջարի զավակների այսօր հայրենիքն ապրում է խաղաղության մեջ: Վեհափառ Հայրապետը նկատեց, որ խաղաղության այս պայմաններում յուրաքանչյուրի սրբազան ու նվիրական պարտքն է ջանքեր գործադրել երկրի շենացման, հայրենի կյանքի առաջընթացի և ժողովրդի բարօրության համար: Նորին Սրբությունը մաղթեց, որ երկնավոր Տերը զորացնի ամենքին ազգին մատուցվող իրենց ծառայության մեջ: