Դրամատուրգիան պահածոյի տուփ չէ, որ ուտես ու վերջանա. Արմեն Էլբակյան (տեսանյութ)
«Եթե իտալացիները կարող են պարծենալ Էդուարդո դե ֆիլլիպոյով, իսկ ամերիկացիները Նիլ Սայմոնով, մենք համարձակ կարող ենք ասել, որ ունենք դրամատուրգ Ժոռա Հարությունյան», -ասում է մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը։ Վաղը «Հարսնացուն հյուսիսից ներկայացման պրեմիերան է, նվիրված Ժոռա Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի և Վարդան Աճեմյանի հիշատակին։ Ի դեպ Վարդան Աճեմյանն առաջինն էր, որ բեմ բարձացրեց այս պիեսը։ Ինչ վերաբերում է, թե որքանով է այն այսօր արդիական, Արմեն Էլբակյանի խոսքով կան արժեքներ, որ երբևէ ժամանակավրեպ լինել չեն կարող, իսկ դրամատուրգիան պատի թերթ չի, որ կարդաս ու անցնես,կամ պահածոյի տուփ, որ ուտես ու վերջանա։ Պետք է կարողանալ ժամանակի իրական դեմքը ներկայացնել, որը հեշտ գործ չէ։ Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը ներկայացրեց կատարված աշխատանքներն ու գալիք ծրագրերը՝ սկսած տոմսարկղի փոքր պատուհանից, որ դարձրել են լայն ու լուսավոր, մինչև «Սև տուփ» փորձարարական թատրոնի հիմնումը, որ տնօրենի խոսքով, երիտասարդները իրենց «գժությունները» իրականացնելու հնարավորություն ունենան ։ Հայտնեց նաև, որ թատրոնը պատրաստ է համագործակցել տարբեր ռեժիսորների հետ։ Մայր թատրոնը կունենա նաև նոր կայքէջ, որը միտված է լինելու հանդիսատեսի հետ առավել անմիջական կապ ստեղծելուն, քանի որ ինչքան էլ հովանավորներ ու պետական ներդրումներ լինեն, ի վերջո թատրոնը պահում է հանդիսատեսը։