Վարդան Հարությունյանն ազատվեց, նշանակվեց Դավիթ Անանյանը (տեսանյութ)
Կառավարության նիստին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Արմավիրի մարզում կարկտահարությանը, որի ամբողջական վնասի չափը հստակ կլինի առսվելագույնը մեկ շաբաթից, կոչ արեց հակակարկտային համակարգերի հարցը արագ լուծել։ Վարչապետը անդրադարձավ նաեւ արագաչափերին` նշելով` կասեցնել պատեհ-անպատեհ տուգանքների կիրառումը. «Հենց այսօրվանից պետք է դադարեցնել ընդամենը հոծ գծեր շոշափելու համար մարդկանց տուգանումը։ Մարդկանց անընդհատ տուգանելու մոլուցքը պետք է դադարեցնել ու մեր վերաբերմունքը փոխել այդ առումով։ Պարոն Զեյնալյանի ու պարոն Օսիպյանի հետ երկուշաբթի նորից այդ թեմային կանդրադառնանք։ Մեկ այլ հարցի եմ ուզում անդրադառնալ` ապրիլին շարժման ժամանակ հարձակումներ են եղել մարդկանց վրա ու նրանց մեքենաները վնասվել են։ Պետք է լուծել տուժած քաղաքացիների խնդիրը, հասկանանք, թե ովքեր են պատասխանատվություն կրելու ու համապատասխան ընթացակարգերով այդ հարցը լուծվի։ Քաղաքական շարժման ժամանակ Հերացի փողոցում ուսանողների վրա հարձակում է եղել, սակայն այդ գործը կարճվել է։ Ինչ-որ արտոնյալ վիճակներ չպետք է լինեն. մենք խոսում ենք օրինապահության հաստատման մասին, մարդիկ պետք է տեսնեն, որ մենք այդ ճանապարհով ենք գնում, սակայն այդ ուղերձները դեռ չենք տեսնում»: https://youtu.be/NJiQxR3s9LA Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ավելացրեց, որ ոչ միայն մեքենաների համատեքստում սա պետք է նայել. «Սիթի սուպերմարկետի մոտ հարձակում է եղել մի խումբ ակտիվիստների վրա, որոնք Տարոն Մարգարյանի հրաժարականն են պահանջել։ Նրանց հարցը եւս պետք է քննել»: «Որեւէ դեպք, եթե չի բացահայտվում, պետք է բացառել` կապ չունի` որ թիմից է, ամեն բռնություն հստակ հակազդեցություն պետք է ունենա։ Այդ խնդիրը լուծենք ոչ միայն մթնոլորտի, այլ քաղաքականության մեջ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, որ արդեն ունեն 32 հաղորդում։ Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ ընդգծեց` բռնության որեւէ դեպք չպետք է մնա առանց իրավական հետեւանքի։ ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ անձամբ է ներկա եղել այդ դեպքին ու քննչական մարմնին կոչ եմ անում ինձ անձամբ` որպես վկա կներգրավվի։ «ՀՀ-ում նման պրակտիկա չկար, որ պաշտոնյան` որպես վկա, ներկայանար, դրա համար ողջունում եմ ձեր քայլը, պարոն նախարար, ու հույս ունեմ, որ որպես վկա կներկայանաք ու կհաղորդեք ձեր տեղեկությունները»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտարարեց, որ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը երեկ սեփական դիմումի համաձայն հրաժարական է ներկայացրել. «Մենք փոխադարձ համաձայնությամբ որոշել ենք, որ այդ որոշումը նիստի ընթացքում կկայացվի։ Նրա փոխարեն ՊեԿ նախագահ է նշանակվում Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Դավիթ Անանյանը»: Բոլորը միաձայն քվեարկեցին։ «Շնորհակալություն` ինձ աշխատանքից ազատելու համար»,- հայտարարեց Վարդան Հարությունյանը։ https://youtu.be/ekl-rlyfTDY Բացի այդ, Ստեփան Մնացականյանը վեց տարի ժամանակով մայիսի 21-ից վերանշանակվեց Ազգային վիճակագրական կոմիտեի նախագահ։ «Հանրությունը ոչ թե թվաբանության հետ կապված անվստահություն ունեին, այլ բովանդակության։ Կարծում եմ` կլինեն հստակ փոփոխություններ»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը։ Վեց տարի ժամկետով նշանակվեցին նաեւ ԱՎԿ խորհրդի անդամները։ Նիկոլ Փաշինյանը վերջում նշեց. «Պարոն Մնացականյան, ԱՄՆ վարչապետերից մեկն ասել է` կա սուտ, կա լկի սուտ եւ վիճակագրություն։ Հուսով եմ` մենք դուրս կգանք այս տրամաբանությունից։ Սա ուղղակի հումոր էր, հուսով եմ` չեք նեղանա. սա մեր վիճակագրությունը չէ, սա իրենց վիճակագրությունն է»,- կատակեց վարչապետը։ «Իսկ ամբողջ աշխարհում վիճակագիրները հասկացված լինելու խնդիր ունեն»,- ի պատասխան ասաց Ստեփան Մնացականյանը։ «Մենք ձեզ երջանկություն ենք մաղթում»,-կրկին կատակեց Նիկոլ Փաշինյանը։