Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեմպիոնների լիգա. 7,5 կիլոգրամի համար կպայքարեն Զինեդին Զիդանն ու Յուրգեն Կլոպը

Սպորտ
a1liga

Այսօր Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում տեղի կունենա ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի վերջին՝ եզրափակիչ հանդիպումը:   Նախորդ մրցաշարի հաղթող Մադրիդի «Ռեալը» կփորձի երրորդ տարին անընդմեջ տիրել պատվավոր մրցանակին, իսկ անգլիական «Լիվերպուլը» կաշխատի 13 տարի անց այն վերադարձնել ակումբի թանգարան:   Այս հանդիպումն առաջին հերթին կարեւոր է երկու թիմերի գլխավոր մարզիչների համար: Եթե «Ռեալը» հաղթանակ տանի, ապա Զինեդին Զիդանը մրցաշարի պատմության մեջ կդառնա առաջին մարզիչը, որը երեք անգամ իրար հետեւից գլխավերեւում կբարձրացնի 7,5 կգ քաշ ունեցող գավաթը: Իսկ ահա «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դա կարող է անել առաջին անգամ: Հաջողության դեպքում նա կդառնա թվով 8-րդ գերմանացի մասնագետը, որը կհաղթի չեմպիոնների լիգայում:   Ինչ վերաբերում է թիմերի ֆուտբոլիստներին, ապա «Ռեալի» միանգամից յոթ խաղացողներ կարող են չորրորդ անգամ դառնալ գավաթակիր: Նրանք են պաշտպաններ Սերխիո Ռամոսը, Դանիել Կարվախալը, Մարսելոն, կիսապաշտպաններ Լուկա Մոդրիչը, Գարեյթ Բեյլը, Իսկոն, հարձակվող Քարիմ Բենզեման: Կրիշտիանու Ռոնալդուի համար այս հաղթանակը կլինի թվով 5-րդը (պորտուգալացին մեկ անգամ գավաթին տիրել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում):   «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասի, պաշտպան Ռաֆայել Վարանի, կիսապաշտպաններ Տոնի Կրոսի եւ Կազեմիրոյի համար սա կլինի թվով երրորդ եզրափակիչը: «Լիվերպուլի» ֆուտբոլիստներից ոչ մեկը նախկինում չի մասնակցել չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղերին:   Եվ վերջինը: «Ռեալը» եվրոգավաթներում անգլիական թիմերի հետ հանդիպել է 37 անգամ, որից 15-ում հաղթանակ է տարել, իսկ 11-ն ավարտել ոչ-ոքի: «Լիվերպուլը» իսպանական թիմերի հետ նույնպես 37 անգամ է հանդիպել, սակայն տարել է 14 հաղթանակ, իսկ ոչ-ոքի է խաղացել 12 անգամ: Իսկ կողմերից որ մեկը կկրի 12-րդ պարտությունը մյուս երկրի ներկայացուցչից, պարզ կդառնա այսօրվա մրցամարտից հետո, որը մեկնարկելու է Երեւանի ժամանակով ժամը 22:45-ին: Ֆուտբոլասերներն այն կարող են ուղիղ եթերով դիտել նաեւ մեր կայքէջում: Դրա համար հարկավոր է հետեւել մեր լրահոսին:   Հ.Գ. Բուքմեյքերների կարծիքը «Ռեալ» - «Լիվերպուլ» խաղի մասին. 1-ին թիմի հաղթանակ՝ 2,25, ոչ-ոքի՝ 3,90, 2-րդ թիմի հաղթանակ՝ 3,10: Ամենահավանական հաշիվը՝ 1:1: