Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Մանուկյանի վճռական պահանջը կառավարության անդամներին (տեսանյութ)

Քաղաքականություն
timthumb

1918-ի մարտին Երևանի դիկտատոր ընտրված և բացառիկ լիազորու­թյուններով օժտված Արամ Մանուկյանը մայիսի 19-ի Ազգային խորհրդի նիստում կայացնում է Երևանը չհանձնելու բախտորոշ վճիռը: «…Երևանի շրջանի ռազմական հզորության, տնտեսական և մնացյալ կարգի կազմակերպման Արամի փայլուն ընդունակությունը հայերին հնարավորություն տվեց զենքը ձեռքներին պահպանել փոքրիկ հողակտորը, միակ քաղաք Երևանը և Սուրբ էջմիածնի եկեղեցին և, եթե հայերիս հետ հաշվի էին նստում այն ժամանակ և հաշվի են նստում այժմ, ապա դա կարող եմ վերագրել բացառապես երեք անձանց՝ Արամին, գեներալ Սիլիկովին և Դրոյին»,- հետագայում իր հուշերում գրում է  Սարդարապատի հերոսամարտում հայկական զորամիավորման հրետանու հրամանատար գնդապետ, 1919-ից հայկական բանակի գեներալ-մայոր և մինչև 1920-ի ապրիլը Հայաստանի Հանրապետության ռազմական նախարար Քրիստափոր Արարատյանը։ Այն օրերին, երբ հայ ժողովուրդը թուրքական հարձակման դեմն առնելու կենաց ու մահու պայքար էր մղում Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում, հայ քաղաքական գործիչները Թիֆլիսում կանգնել էին անելանելի ընտրության առաջ։ Մայիսի 26-ին ցրվեց Անդրկովկասյան Սեյմը, իսկ մի քանի ժամ անց, նույն սրահում գումարվեց Վրաց Ազգային խորհրդի նիստը Նոյ Ժորդանիայի նախագահությամբ, որ Սիմոն Վրացյանի բնորոշմամբ` «բեմադրեց Վրաստանի անկախության հայտարարության ծիսակատարությունը… Մայիսի 28-ին նրանց հետևեց Ադրբեջանը։ Հայ գործիչների մեջ միաձայնություն չկար այդ օրերին,-գրել է Վրացյանը: 1918-ի մայիսի 30-ին  Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը հռչակեց Հայաստանը՝ առանց «անկախություն և հանրապետություն» բառերի: «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծարումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ՝ Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն…»,- ասվում էր հռչակագրում: Նիկոլ Աղբալյանի մշակած անկախության  այս հռչակագիը օրեր անց՝ արդեն Երևանում  ներկայացնում է Արամ Մանուկյանը: Էրիվանի գավառի նախկին վարչական կենտրոնը դարձավ նորանկախ ու մարտնչող, ըստ Բաթումի հաշտության պայմանագրի, ընդամենը 12 հազար քառ.կմ տարածք ունեցող, պետության մայրաքաղաք, թեև մինչ այդ ամենևին այդ դերի առաջին հավակնորդը չէր կարող համարվել ավելի «քաղաքային» Ալեքսանդրապոլի կողքին, որը 19-րդ դարի վերջում արդեն ուներ 32 000 բնակչություն և Թիֆլիսից ու Բաքվից հետո իր կարևորությամբ համարվում էր Անդրկովկասի երրորդ մշակութային և առևտրատնտեսական կենտրոնը։ Թեև բնակչության քանակով Երևանն աննշան էր հետ մնում և հանդիսանում էր Էրիվանի գավառի կենտրոն, այնուամենայնիվ մինչև 19-րդ դարի վերջը շատ ավելի գավառական քաղաք էր, իսկ բնակչության գրեթե քառասուն տոկոսը կազմում էին կովկասյան թաթարները, պարսիկները, քրդերը։ Սակայն, Ալեքսանդրապոլը մնաց մայիսյան հերոսական ու ողբերգական գոյամարտերի թիկունքում, իսկ Երևանի անմիջական հարևանությամբ էր հայության սրբության-սրբոցը՝ Էջմիածինը: Հետ նահանջի տեղ այլևս չկար, և արյունաքամ հայությունը համախմբեց իր ուժերն ու կերտեց իր նորագույն պատմության թերևս ամենահերոսական էջերից մեկը։ Թշնամին կանգնեցվեց: Եվ Երևանը մնաց «հայաբնակ շրջանների միակ օրինական իշխանություն» հայտարարած Հայոց Ազգային խորհրդի վերահսկողության ներքո։ Ալեքսանդրապոլը թիկունքում էր, հայոց մայրաքաղաքի՝ դեռևս այդ դեպքերից մի քանի տարի առաջ ամենամեծ հավակնորդներից Վանն ու Արևմտյան Հայատանի այլ քաղաքներ հայաթափված ու կորսված էին, իսկ Անդրկովկասի մեկ այլ խոշոր հայկական քաղաք՝ Շուշին թևակոխում էր իր պատմության ծանրագույն էջերից մեկը։ Եվ պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կազմը նույնիսկ համալրվեց Կովկասի այնպիսի հայաշատ, թեև պատմական Հայաստանի տարածքից դուրս գտնվող քաղաքում, ինչպիսին Թիֆլիսն էր։ Ի դեպ, Ռուսական Կովկասյան փոխարքայության կենտրոն՝ Թիֆլիսը, ընդհուպ մինչև 1918 թվականը չէր գիտակցվում որպես զուտ վրացական քաղաք: Նույնը կարելի է ասել հայաշատ ու բազմազգ Բաքվի մասին, որը Ադրբեջանի մայրաքաղաք դարձավ աշխարհի տիրակալ  ուժերի՝ նավթին տիրանալու մեծ խաղի հետևանքով: Որոշ նախարարներ չէին շտապում ավելի հարմարավետ ու շատերի համար հարազատ Թիֆլիսը թողնել ու գալ Էրիվան։ Եվ Արամ Մանուկյանի վճռական պահանջից հետո միայն,1918 թվականի հուլիսի 19-ին, Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի և Հովհաննես Քաջազնունու կառավարության անդամները ժամանեցին մայրաքաղաք: Երևանի քաղաքային ակումբի դահլիճում օգոստոսի 1-ին կայանում է նորաստեղծ հանրապետության օրենսդիր մարմնի` Հայաստանի Խորհրդի անդրանիկ նիստը, որին ներկա էին Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Օսմանյան Կայսրության ներկայացուցիչները, պարսից հյուպատոսը, ռուս ու մահմեդական ազգային խորհուրդների ներկայացուցիչները: Երբ Երևանի առաջին դիկտատորը՝ Արամ Մանուկյանը 1919-ի հունվարի 29-ին, բծավոր տիֆից անժամանակ կնքեց մահկանացուն, առաջին անգամ մայրաքաղաքում պետական գործչի հուղարկավորությունը վերածվեց համա­ժողովրդական սուգի: Հուղարկավորությանը մասնակցում էր ամբողջ Երևանը, մեծ ու փոքր, որպեսզի վերջին անգամ հարգանքի տուրք մատուցեր մի մարդու, որն իր անսահմանափակ իշխանությունը չծառայեցրեց անձնական հարստացմանը, որին մարդիկ վստահել էին իրենց ճակատագիրն ու չէին սխալվել: Իսկ ահա թե ինչ է գրում  Հայաստանի պառլամենտի մասին իր  հոդվածում, 1919 թվականի մայիսից մինչ օգոստոս ամիսները ֆինանսների նախարարի պաշտոնը վարած Գրիգոր Ջաղեթյանը: «…Բացի տասը հոգուց, մնացած բոլոր պատգամավորները դաշնակցականներից անցան: Պառլամենտի մեջ գրեթե օպոզիցիա չկար, ճիշտ է կային մի խումբ ձախ դաշնակցականներ՝ բայց նրանց ընդդիմադիր ուժը շատ թույլ էր…Պառլամենտը, գլխավորապես կազմված էր կիսաինետելիգենտ տարրերից, որոնք իրենց սահմանափակ մտածողությամբ ի վիճակի չէին ընգրկելու պետական կյանքի բարդ և ծանրակշիռ հարցերը… Գաղտնիք չէր, որ պառլամենտը, գլխավորապես զբաղված էր պատգամավորների տնտեսականի բարելավման գործով…ավելացնում էր պատգամավորների ռոճիկները՝չսպասելով ընդհանուր պաշտոնական ռոճիկների ավելացման օրինագծին… պառլամենտի համար բաց էին պետական մթերանոցները… այն, ինչ չէր գտնվում պետական պահեստներում՝ յուղ, պանիր, մեղր,ձուկ և այլ մթերքներ, գալիս էր գավառներից և բաժանվում «գերագույն օրենսդրական մարմնի» անդամներին: Այդ էր պատճառը, որ Երևանում պառլամենտը հաճախ անվանում էին «գերագույն կոոպերատիվ…»: 1920 թվականի դեկտեմբերի սկզբին, մի քանի ձախ դաշնակցականներ մի գրավոր հայտարարություն էին արել, որ իրենք…երես են դարձնում այդ կուսակցությունից, որը ոտնահարեց պետական վսեմ գաղափարներն ու հիմնարկությունները՝ ուղարկելով պառլամենտ այնպիսի ստորաքարշ պատգամավորների, որոնք անձնական շահասիրությամբ, գորգերի առևտրով և ամեն տեսակի սպեկուլյացիայով արատավորեցին պառլամենտը: Հայտարարության մեջ հիշատակված գորգերի առևտուրը վերաբերում էր պատգամավոր Մալխասին, որը կառավարության հաշվին գորգեր էր գնում…»: Հայաստանի առաջին Հանրապետությունը երկար կյանք չունեցավ և 1920 թվականի դեկտեմբերյան ցուրտ օրերը Երևանը դիմավորեց արդեն որպես Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք։ «…Հայ բօլշևւիկները մեր ժառանգներն են, որ շարունակելու են - ու արդէն շարունակում են - մեր գործը… Ինչպէս ևւ մենք, նրանք էլ ժամանակաւոր մի գործիք են Մեծ վարպետի՝  պատմութեան ձեռին… Երախտապարտ պիտի լինենք բօլշևւիկներին. խորտակելով մեզ, նրանք, եթէ չասեմ փրկեցին, գէթ աւելի ապահով վիճակի մէջ դրին մեր կեանքի գործը: Նրանք եկան մեզ փոխարինելու ճիշտ այն օրհասական ժամին, երբ մենք ինքներս այլևս չէինք կարող տանել մեր գործի ծանրութիւնը… Ճիշտ է, որ Հայաստան այսօր ոչ անկախ , այլ մի ինքնավար նահանգ է Ռուսական ֆեդերացիայի մէջ: Բայց թերևւս սա լաւագոյնն է այսօրւայ համար…Փորձը ցոյց տւեց, որ՝ այժմ եւեթ՝ անկախ պետությիւն կազմելը – մանաւանդ քաղաքական այս աննպաստ պայմանների մէջ - հայ ժողովուրդի ույժերից վեր բան է: Պէտք է միջին դրություն, քաղաքական մի նախակրթարան – դաստիարակւելու, պետական կեանքին վարժվելու համար, ապա՝ մեծ ցնցումներից, կոտորածներից ու աւվերումներից  յետոյ պէտք է հանգստութիւն՝ ոժեր հաւաքելու ու կազմակերպւելու համար: Իրերի բերմամբ, այդ շրջանը Հայաստան պիտի անցնի բօլշեւիկեան դրոշակի տակ: Թող այդպէս լինի…»,- կգրի Հովհաննես Քաջազնունին «Հ.Յ. դաշնակցությունը անելիք չունի այլեւս»  զեկուցագրում, որ ներկայացրեց 1923 թվականին Հ.Յ. Դաշնակցության արտասահմանյան մարմինների Խորհրդաժողովին: Անկախության կորստից հարյուրամյակներ անց հայերը, վերջապես, ունեցան պետականություն՝ Հայաստանի առաջին Հանրապետության հաշվարկը սկսվեց 1918-ի մայիսի 28-ից: Երևանի այն ժամանակ ամենաբարեկարգ փողոցնեևից մեկը՝ Գուբերնսկայա փողոցը, որտեղ գտնվում էր նահանգապետի նստավայրը և նահանգային գործադիր վարչության շենքը հռչակվեց Հանրապետության փողոց: Հանրապետության 37 շենքում գործող Քաջազնունու կառավարությունը փաստացի հանդիսացավ հայկական առաջին ինքնիշխան գործադիր կառույցն՝ իր իսկ հայրենիքում: Իսկ կես դար անց, Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կառուցված  Սարդարապատի հուշահամալիրն այսօր էլ իր թևավոր ցուլերով ու հաղթական զանգերով հիշեցնում է, որ  հերոս հայ ժողովուրդը կա և կապրի: