Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը առաջատար է Եվրոպայի օպերայի օրերին. Սվիտալսկի

Մշակույթ
svitalski

«Քուվեյթի նորաբաց օպերայում առաջին բեմականացված ներկայացման պատիվը մերն է լինելու»,- հայտնեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը։ Կներկայացնեն Մոցարտի «Կախարդական սրինգը»։  Մինչև տարեվերջ մեծ ծրագրեր ունեն իրականացնելու՝ հյուրախաղեր,պրեմիերաներ։ Մոսկվայի Մեծ   թատրոնից ստացել են հրավեր և հուլիսի 14-ին  ներկայացնելու են Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը։ Սեպտեմբերին  Դուբայում հանդես կգան Բիզեի «Կարմեն» օպերայի՝ Կոնստանտին Օրբելյանի նոր բեմադրությամբ: Կներկայացնեն նաև  Մոցարտի «Կախարդական սրինգը»։  Հոկտեմբերի տասին Ֆրանկոֆոնիայի  միջոցառումների շրջանակներում սպասվում է Մասնեյի «Մանոնի»  պրեմիերան, որն,  ի դեպ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի սիրելի ներկայացումն է։  Նոյեմբերին կկայանա Կարեն Խաչատուրյանի  «Չիպոլինո» բալետի պրեմիերան։ «Մենք հիանալի օպերային մեներգիչներ ունենք, ու աշխարհի ամենահայտնի բեմերում ներկայացնում ենք մեր մեծ ներուժը։ Բայց  ցանկանում ենք և ամեն ինչ անում  ենք  նաև նրանց այս բեմում պահել»,- ասաց Կոստանտին Օրբելյանը։ Այս տարի հռչակվել է Մշակութային ժառանգության եվրոպական տարի։ Այսօր Ազատության հրապարակում պետք է կայանար Եվրոպայի օրվան նվիրված օպերային համերգ՝  Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի լավագույն մենակատարների մասնակցությամբ։ Անձրեւային եղանակի պատճառով   բացօթյա համերգը  տեղափոխվեց  օպերայի շենք։ «Այս համերգը հրաշալի հնարավորություն է հիշեցնելու, որ մշակութային ժառանգությունը պատկանում է բոլորին և ընդգծելու հայկական և եվրոպական մշակութային կապերը,- ասաց  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։- Այն էլ ասեմ, որ Հայաստանը որպես առաջատար է ներկայանում Եվրոպայի օպերայի օրերին, և նույնիսկ առաջինն է ցանկում, Բելգիայից և Ֆրանսիայից էլ առաջ։ Եվ սա, անշուշտ այմանավորված է աշխարհում որպես երաժիշտ մեծ հեղինակություն վայելող պարոն Օրբելյանի դերակատարումով»։