Ինչո՞ւ Վ. Պուտինը չմիջամտեց ՀՀ թավշյա հեղափոխությանը. Նիկոլ Փաշինյանը՝ «Դոյչե վելե»-ին (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տվել գերմանական «Դոյչե վելե» հեռուստաընկերությանը. Հարցազրույցի ժամանակ Փաշինյանը մեկնաբանել է երկրում տեղի ունեցած իրադարձությունները. «Ես կարող եմ բնութագրել այն, իբրև՝ ժողովրդին իշխանություն վերադարձնելու գործընթաց: Դա, և՛ իշխանության փոփոխություն է երկրի բնակիչների որոշմամբ, և՛ «թավշյա», ժողովրդական հեղափոխություն՝ առանց բռնության: Գործընթացն ու իմ ընտրությունը վարչապետի պաշտոնին եղել են Հայաստանի սահմանադրության և օրենքների շրջանակներում: Այնուամենայնիվ այս հեղափոխությունը չի կարելի «գունավոր» անվանել: Ենթադրվում է, որ իշխանության նմանատիպ փոփոխության հետևում կանգնած է մեծ աշխարհաքաղաքական համատեքստ, բայց մեր դեպքում, դա՝ ազգային արժանապատվության հարց է, իսկ ինձ համար՝ անձնական արժանապատվության հարց: Եվ չեմ կարծում, որ որևէ մեկը դրսից, կապ չունի ով և որտեղից, պետք է լուծի Հայաստանի ներքաղաքական հարցերը»: Ըստ Փաշինյանի՝ այս հեղափոխությունը տարբերվում է Վրաստանում և Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխություններից նրանով, որ Հայաստանում չի փոխվել արտաքին քաղաքականությունը: «Մենք ունենք սերտ հարաբերություններ Ռուսաստանի հետ, և ես վստահ եմ, որ դա, էլ ավելի կխորանա: Մենք ունենք լավ հարաբերություններ ԵՄ-ի հետ, որոնք մենք մտադիր ենք շարունակել ու զարգացնել: Մենք նաև մտադիր ենք զարգացնել մեր հարաբերությունները ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի և շահագրգիռ բոլոր երկրների հետ», - նշել է Փաշինյանը: ՀՀ վարչապետը նշել է Հայաստանի տնտեսության զարգացման երեք հեռանկարներ՝ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության և գյուղատնտեսության զարգացում: